Եթե հայությունը միասնական լինի, բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Աբովյանում նախընտրական հավաքի ժամանակ:
«Ես կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը՝ ի ցույց աշխարհի, ազգային վերածննդի, ներքին համերաշխության նշան, որ մենք ամբողջ աշխարհի հայությամբ միասնական լինենք, մի կողմ դնենք ներքին թշնամանքն ու ատելությունը, համախմբված լինենք»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Ծառուկյանը նշել է, որ արձանը դեռևս չբացված՝ Աբովյանում և հարակից տարածքներում հողերի արժեքը տասնապատիկ աճել է և շարունակելու է աճել։
«Մեր Աբովյանը ավելի մեծ ճանաչում է ունենալու աշխարհի մակարդակով։ Էլ չեն ասելու Բրազիլիա, ասելու են Աբովյան, Կոտայք, Հայաստան, ամենահզոր, կարող Քրիստոսի արձանը»,- ասել է Ծառուկյանը։
Նրա համոզմամբ` անհնարին որևէ բան չկա երկիրը զարգացման ուղով տանելու համար, իսկ այդ նպատակին հասնել հնարավոր է գիտելիքի և բանիմաց մարդկանց շնորհիվ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Պատրաստվեք լավ փոփոխությունների։ Ինչ ասել եմ, 10 անգամ շատն անելու եմ։ Կա լավ թիմ, կա կարողություն, կարճ ժամկետում կանենք ամեն ինչ։ Մենք ունենք հնարավորություններ, կապեր, որ կարողանանք առաջ տանել մեր ծրագրերը»,– հայտարարել է Ծառուկյանը։
Նրա խոսքով` իրենց համար առաջնահերթությունը երաշխավորված խաղաղության ապահովումն է։
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հունիսի 7–ին հնչի մեր ազգային վերածննդի առաջին զանգը. պետք է մարդկանց համար աշխատատեղ ստեղծենք, որ նրանց դեմքին ժպիտ գա»,– ընդգծեց ԲՀԿ առաջնորդը։
Ծառուկյանը հանրահավաքի ժամանակ խոստացել է նաև ընտրություններում հաղթելու դեպքում բարելավել բիզնես միջավայրը, զարգացնել ՓՄՁ–ները, իրականացնել սոցիալ–տնտեսական և զբոսաշրջային լայնածավալ նախագծեր:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





