AM
11 Մայիս 2026 - 07:44 AMT

Փաշինյանը՝ ընդդիմադիրների մասին․ Եթե նրանք, այնուամենայնիվ, աշխատեն, պետք է աշխատեն ՔԿՀ-ներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եղեգնաձորում անցկացված հանրահավաքի ընթացքում անդրադարձել է ընդդիմության ներկայացուցիչներին՝ նշելով, որ եթե «նրանք, այնուամենայնիվ, աշխատեն, պետք է աշխատեն ՔԿՀ-ներում»:

«Բացարձակապես համաձայն չեմ նախորդ հռետորի հետ մի հարցում՝ 50%-ով համաձայն եմ, 50%-ով համաձայն չեմ։ Ես համաձայն եմ, որ այդ մարդիկ, ում մասին նա խոսում էր (ընդդիմության ներկայացուցիչները-խմբ․), կսովորեն հայերեն։ Բայց ես համաձայն չեմ, որ մենք այդ մարդկանց բաց կթողնենք աշխատանքի շուկա։ Ես կարծում եմ, որ նրանք եթե այնուամենայնիվ աշխատեն, նրանք պետք է աշխատեն քրեակատարողական հիմնարկում»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Վարչապետը նաև նշել է, որ հասկանում է այն քաղաքացիներին, ովքեր հարցնում են, թե ինչու այդ մարդիկ մինչ այժմ քրեակատարողական հիմնարկում չեն։

«Եվ ես հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ասում են՝ իսկ ինչո՞ւ նրանք քրեակատարողական հիմնարկում չեն մինչև հիմա։ Ես կարծում եմ, ժողովո՛ւրդ, որ դա այսօր առավել ևս ձեզ տեսանելի և հասկանալի է, որովհետև վերջին 8 տարիներին մենք բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնել և լուծել ենք, և մարտահրավերների առաջ ենք կանգնել, լուծել ենք բազմաթիվ խնդիրներ, ունեցել ենք բազմաթիվ դժվարություններ, բայց այդ ամեն ինչը ուղեկցվել է մի զուգահեռ պրոցեսով, որը շարունակվում է այսօր, այսօր էլ այս պահին տեղի է ունենում։ Մենք պետք է հաշիվ տանք՝ մենք 8 տարի, այո՛, Հայաստանը առաջնորդում ենք կառավարության կարգավիճակով, բայց մենք 8 տարի բառիս բուն իմաստով կռիվ ենք տալիս, պատերազմում ենք նաև մաֆիայի դեմ»,-նշել է նա։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։