AM
12 Մայիս 2026 - 06:44 AMT

Քոչարյան․ Այսօր էլ գնվում են զենքեր, որոնք չենք կարողանալու օգտագործել

Գնվում են զենքեր, որոնք չենք կարողանալու օգտագործել անհրաժեշտության դեպքում, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն Իջևանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ այն գումարները, որոնք նախատեսված էին ՀՕՊ համակարգի համար, այդ միջոցներով գնվել են ՍՈւ-եր՝ մոտ 120 միլիոն դոլարի, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մի խայտառակություն է, որի համար ոչ մեկ պատասխան չտվեց։ Եթե գնվեին ՀՕՊ համակարգերը, հաստատ, 100 տոկոս վստահությամբ ասում եմ՝ «Բայրաքթարների» հարցը կլուծեին և պատերազմը լրիվ այլ կերպ կավարտվեր։ Մենք այդ պատերազմում պարտվել ենք անօդաչու թռչող սարքերին»»,- ասել է Քոչարյանը։

Նա անդրադարձել է նոր գնվող ռազմատեխնիկային:

«Օրինակ, ֆրանսիական հրետանի, որը լավն է, բայց հրետանին առանց արկերի ուղղակի մետաղի ջարդոն է, մի քանի տոննա մետաղ է։ Հիմա քարտեզին նայեք՝ Ֆրանսիայից այդ արկերը ո՞նց պետք է բերես, Հայաստան հասցնես անհրաժեշտության դեպքում, ո՞ր ճանապարհով։ Ես մի բան հիշեցնեմ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ միայն Իրանի օդային տարածքն էր բաց նման կարգի մատակարարումների համար։ Այն, ինչ կատարվում է հիմա Իրանի շուրջ, նշանակում է՝ նաև այստեղ է փակ լինելու Ֆրանսիայից՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրից բերելու համար»,- ասել է Քոչարյանը։

Նա ենթադրել է, որ արկերի որոշ քանակ Հայաստան է բերվել, սակայն նաև կարծիք է հայտնել, որ ինտենսիվ պատերազմի պայմաններում դա բավարարելու է ընդամենը 2-3 շաբաթվա պաշարի համար։

Ավելի վաղ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում նախընտրական քարոզարշավի ընթացքում Քոչարյանը հայտարարել է, որ եթե պետության համար անվտանգությունն ու բանակն առաջնահերթություն լինեին, ապա մեր երկրում պարեկների աշխատավարձն ավելի բարձր չէր լինի։

Նա ընդգծել է, որ իր նախագահության տարիներին մշտապես ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որպեսզի բանակի աշխատավարձերը միջինում 25 տոկոսով ավելի բարձր լինեն, օրինակ, ոստիկանության աշխատավարձերից։

«Հիմա մարդիկ նայում են, ասում են՝ պետության համար բանակն առաջնահերթություն չի, հակառակ դեպքում պարեկն ավելի շատ աշխատավարձ չի ստանա, քան բանակը։ Պետության գերակայությունները ցույց տալու լծակն առաջին հերթին աշխատավարձերն են, արտոնությունները, պարգևատրումները»,- նշել է նա։

Քոչարյանը հավելել է, որ ոստիկանական համակարգում առավելությունները տրվում են ոչ թե հանցագործությունների բացահայտման ոլորտում ծառայողներին, այլ նրանց, ովքեր աշխատացնում են «քաղաքական ճնշումների մահակը»։

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8-ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև հունիսի 5-ը ներառյալ։