ՀՀ կառավարությունը, արձագանքելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ դիմումին, աջակցելու է «Մի՛ դարձիր ընտրական հանցագործ» իրազեկման արշավին։
Այն իրականացվելու է բացառապես հասարակական կազմակերպության ֆինանսական միջոցներով։
Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ նախաձեռնությունը նպատակաուղղված է ընտրական գործընթացների օրինականության պահպանմանն ու ընտրակաշառքի կանխարգելմանը, հայտնում է Արմենպրեսը:
Արշավի շրջանակում պատրաստվել են թեմային վերաբերող տեղեկատվական թռուցիկներ, որոնք տրամադրվելու են Հայաստանի Հանրապետություն մուտք և ելք գործող անձանց՝ օդանավակայաններում և սահմանային անցակետերում։ Այս հանրային հաղորդակցության նախաձեռնության նպատակը քաղաքացիներին երկիր մուտք և ելք գործելու պահին հստակ և հասկանալի իրազեկում ապահովելն է՝ հիշեցնելով, որ քվեարկության համար գումար վերցնելը կամ առաջարկելը քրեական հանցագործություն է և ենթակա է պատասխանատվության թե՛ ընդունողի, թե՛ առաջարկողի համար։
Նախաձեռնությունը կրելու է կանխարգելիչ բնույթ և միտված է նվազեցնելու ընտրակաշառքի դեպքերը՝ բարձրացնելով իրավական գիտակցությունն ու տեղեկացվածությունը, հատկապես բարձր ռիսկային խմբերում։
Սահմանակետերում տեղեկատվության տրամադրումն ընտրվել է որպես թիրախային և ազդեցիկ գործիք՝ ապահովելու համար, որ քաղաքացիները նախապես տեղեկացված լինեն հնարավոր իրավական հետևանքների մասին և զերծ մնան ապօրինի գործողություններից։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





