Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի, մայիսի 8-ին տարածած հայտարարության կապակցությամբ՝ այն գնահատելով միակողմանի։
«Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) սույն թվականի մայիսի 8-ին տարածված հայտարարությամբ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների և դրանք սահմանող օրենսդրության համապատասխանությանը Մարդու իրավունքների պաշտպանի անկախության չափանիշներին։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը Հանձնաժողովին լիազորում է քննել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների և շահերի բախման վերաբերյալ դիմումները։ Ըստ հայտարարության՝ Հանձնաժողովի նշված լիազորությունը չպետք է տարածվի Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ հաշվի առնելով վերջինիս անկախության իրավական երաշխիքները»,-ասվում է մեկնաբանության մեջ:
Հանձնաժողովը նշել է, որ մտահոգիչ է հատկապես այն հանգամանքը, որ հայտարարության մեջ տեղ գտած արձանագրումները կատարվել են առանց ԿԿՀ-ի դիրքորոշումը ստանալու։
ԿԿՀ-ն ընդգծել է, որ կարևորում է Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը, սակայն գտնում է, որ որևէ պաշտոնատար անձ չի կարող դուրս մնալ բարեվարքության վերահսկողության համակարգից։
«Կարևորելով ՄԻՊ հաստատության անկախությունը՝ Հանձնաժողովն, այնուամենայնիվ, գտնում է, որ ՀՀ օրենսդրությունը չի կարող մեկնաբանվել այնպես, որ որևէ պաշտոնատար անձի պարագայում բարեվարքության համակարգի տարրերի պահպանմանն առնչվող դիմումները ենթակա չլինեն քննության լիազոր մարմնի կողմից և մնան անարձագանք։ Հանձնաժողովը՝ որպես ինքնավար մարմին, իրականացնում է կոռուպցիայի կանխարգելման իր մանդատից բխող լիազորությունները՝ հետևելով իր իրավասության ներքո գտնվող բոլոր պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարեվարքության համակարգի տարրերի պահպանմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում էնաև, որ վարույթի իրականացումը չի կարող դիտարկվել որպես ճնշում կամ միջամտություն որևէ պաշտոնատար անձի գործունեությանը։
«Ըստ այդմ՝ Հանձնաժողովի կողմից վարույթի իրականացումը որևէ պարագայում չի կարող դիտվել որպես որևէ պաշտոնատար անձի նկատմամբ ճնշում կամ վերջինիս աշխատանքին միջամտություն։ Ավելին, վարքագծի կանոնների առերևույթ խախտումները և շահերի բախման իրավիճակները քննելու՝ Հանձնաժողովի լիազորության և Հանձնաժողովի քննությանը ենթակա պաշտոնատար անձանց շրջանակի նախատեսումը բխում է հակակոռուպցիոն միջազգային լավագույն չափանիշներից։ Միաժամանակ, Հանձնաժողովը վերահաստատում է իր պատրաստակամությունն այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ քննարկելու ոլորտային օրենսդրության կատարելագործման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի անկախության միջազգային-իրավական երաշխիքներին հակասող ՀՀ օրենսդրության վերաբերյալ։Միջազգային կառույցը մտահոգություն է հայտնել առ այն, որ Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կարգավորող օրենսդրությունը չի համապատասխանում ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սահմանադրական և օրենսդրական երաշխիքներին, այնպես էլ ոլորտին վերաբերելի միջազգային չափանիշներին։
Հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ ՄԻՊ հաստատության մանդատի և անկախության նկատմամբ չհիմնավորված միջամտությունները կարող են վտանգել իրավունքի գերակայությունը։





