Վարչական դատարանը վերադարձրել է«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու, դեպքերի առնչությամբ Դանիել Իոաննիսյանի և մյուսների կողմից ներկայացված հայցադիմումը։
Հայցադիմումը վերադարձվել է շտկումների նպատակով, հայտնում է «Փաստինֆոն»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կազմակերպությունը Վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել ընդդեմ «Իմ քայլը» հիմնադրամի՝ պահանջելով հիմնադրամին վարչական պատասխանատվության ենթարկել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների համար։ Մասնավորապես, հոդվածը պատասխանատվություն է նախատեսել նախընտրական շրջանում բարեգործության իրականացման համար։
Դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2.1-րդ մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարող են դիմել նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն կամ տվյալ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները։
Այս դեպքում դատարանը գտել է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումով դատարան դիմելու իրավունքը պարզելու և հայցադիմումի ընդունելության հարցի օբյեկտիվ լուծումն ապահովելու համար անհրաժեշտ է ներկայացնել ԿԸՀ կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագրման վերաբերյալ պատշաճ ապացույցներ՝ համապատասխան որոշումներ։
Դատարանը նաև անդրադարձել է պատասխանող կողմին՝ արձանագրելով, որ հայցադիմումով որպես պատասխանող նշվել է «Իմ քայլը» հիմնադրամը, մինչդեռ վարչական պատասխանատվության կարող է ենթարկվել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Այսինքն՝ պատասխանող կողմ պետք է նշվի հենց Աննա Հակոբյանը։ Միաժամանակ դատարանը նշել է, որ ներկայացվել են նույն պատասխանողին ուղղված, սակայն միմյանց հետ չկապված 15 պահանջներ։
«Հարկ է նշել, որ չնայած հայցադիմումով ներկայացված պահանջներն ուղղված են միևնույն պատասխանողի դեմ, սակայն չեն կարող դիտվել փոխկապակցված, քանի որ դրանք վերաբերում են վարչական պատասխանատվություն ենթադրող տարբեր իրավիճակների (դրվագների), որոնք կատարվել են տարբեր ժամանակահատվածներում և կարող են հանգեցնել տարբեր իրավական հետևանքների (նյութական և դատավարական): Միաժամանակ, դատարանն ընդգծում է նաև, որ հայցադիմումով չեն ներկայացվել այնպիսի բավարար հանգամանքներ, որոնք կփաստեին ներկայացված պահանջների փոխկապակցված լինելու վերաբերյալ»,-նշված է որոշման մեջ։
Հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո տասնհինգօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացնելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված կհամարվի սկզբնական ներկայացման օրը։
«Անկախ դիտորդը» խնդիրներ էր արձանագրել ՔՊ-ի և անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործության հետ՝ չնայած նախընտրական փուլում գործող օրենսդրական արգելքին, և հայտարարել էր, որ դիմել են վարչական դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 տարբեր դրվագներով։ Ապրիլի 27-ին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը դժգոհել էր, թե «Անկախ դիտորդի» հայտարարությամբ խախտվել են իր իրավունքները։





