ՀՀ վարչապետ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ են նշանակել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «թուրքերը էսօր բացում են» խոսքերը։
Նա ասել է, որ Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելիս այսուհետ որպես առաքման երկիր նշվելու է Հայաստանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ավելի վաղ Միրզոյանը մոտեցել էր քարոզարշավ իրականացնող Փաշինյանին և ականջին շշնջացել` «թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք»։ Քանի որ վարչապետը խոսում էր բարձրախոսով, նախարարի խոսքերը լսվել էին նաև ուղիղ եթերում։
Ավելի ուշ լրագրողները Միրզոյանից հետաքրքրվել էին, թե ինչ էր նա փոխանցել Փաշինյանին, ինչին նախարարն արձագանքել էր՝ «կբացեն, կհասկանանք»։ Նա նաև նշել էր, որ խոսքը հայ-թուրքական սահմանի բացման մասին չէ։
Փաշինյանի խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս որպես առաքման երկիր նշել Հայաստանը։ Նրա ներկայացմամբ՝ Թուրքիայից Հայաստան ուղարկվող ապրանքները նախ ձևակերպվել են երրորդ երկրում, և միայն դրանից հետո տեղափոխվել Հայաստան։
Վարչապետը հայտնել է, որ այժմ Թուրքիայի օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություն է կատարվում, որի արդյունքում Հայաստանը ներառվելու է առաքման երկրների պաշտոնական ցանկում։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, սակայն գործընթացը կախված է թուրքական կողմից։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։





