AM
12 Մայիս 2026 - 11:38 AMT

Ղուկասյան․ ՀՀ-ն չի կարող հակառուսական պետություն դառնալ

«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսուհետ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը շարունակաբար ներկայացնելու է քաղաքական ուժի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներն ու ռազմավարական ուղղությունները։

Ղուկասյանը հայտարարել է, որ ՀՀ-ն չի կարող հակառուսական պետություն դառնալ:

«Անկախ քաղաքական գնահատականներից Ռուսաստանը շարունակում է մնալ տարածաշրջանում ռազմական, էներգետիկ, անվտանգային խոշոր դերակատար՝ դուր գա դա, թե ոչ»«-ասել էնա:

Հայաստանի ռազմավարական գործընկերը պետք է լինի այն երկիրը, որը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը, «ոչ թե Հայաստանը դիտում է որպես գաղութ, պրոյեկտ կամ ազդեցության գոտի»:

Նա հավելելէ,որ Ռուսաստանի հետ համագործակցությունը պետք է կառուցվի Հայաստանի անվտանգության և արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա:

Նա կարևորել է նաև Արևմուտքի հետ գործընկերությունը՝ եթե փորձ չի արվում խաթարել հայկական ինքնությունը կամ երկիրը վերածել արտաքին կառավարման հարթակի։

Նա կարևորել է նաև Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և անվտանգության հավասարակշռության վրա, ինչպես նաև Ֆրանսիայի, Հնդկաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների հետ կապերի զարգացումը, որոնք, ըստ նրա, պետք է նպաստեն Հայաստանի հզորացմանը։

Ղուկասյանի գնահատմամբ՝ Հայաստանի առաջնային ռազմավարական դաշնակիցը պետք է լինի սեփական պետականությունը, հայկական բանակը և հայ ժողովրդի կամքը։

«Թույլ պետությունը դաշնակից չունի, թույլ պետությանը օգտագործում են»,- ընդգծել է նա։

ԴՕԿ կուսակցության առաջնորդը նաև հայտարարել է, որ մինչև պետականաշինության գործընթացին անցնելը անհրաժեշտ է «սանիտարական մաքրում» իրականացնել երկրի ներսում։

«Մինչև երկիրը մեջից չմաքրվի, մենք նորմալ պետություն չենք ունենա՝ մոռացեք»,- ասել է նա։

Թեև ԿԸՀ-ն մերժել է Ղուկասյանի գրանցումը՝ վերջին տարիներին Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, ԴՕԿ կուսակցությունը շարունակում է մասնակցել ընտրություններին և վարչապետի թեկնածու համարել հենց նրան։

ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության տվյալներով՝ Վարդան Ղուկասյանը 2022 թվականին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն սահմանված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով ընդգրկվել է միգրացիոն ընթացակարգում և ներկայում գտնվում է ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության կալանքի տակ՝ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։