AM
12 Մայիս 2026 - 12:18 AMT

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն քննարկել և համաձայնեցրել են TRIPP-ին առնչվող իրավական հարցեր

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն քննարկել և համաձայնեցրել են TRIPP-ին առնչվող իրավական հարցեր: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել՝ քննարկելու TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը։

ԱՄՆ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ԱՄՆ պետքարտուղարության և Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին 2025 թվականի օգոստոսի 8-ին կազմակերպված Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի համար։

Մհեր Գրիգորյանը կարևորել է գագաթնաժողովի հիմնական արդյունքներից մեկի՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի հետևողական իրականացումը։

Փոխվարչապետն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ընդգծելով տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա տնտեսական և ռազմավարական հեռանկարները։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։