AM
12 Մայիս 2026 - 12:31 AMT

Միրզոյան․ Այս պահին ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրման բանակցություններ չկան

ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրման անակցություններ այս պահին չկան, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Ըստ նրա՝ հայկական կողմը պատրաստ է անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ժամկետի շուրջ, սակայն Ադրբեջանը դեռ պատրաստակամություն չի հայտնում գնալ ստորագրման՝ միաժամանակ վերահաստատելով խաղաղության գործընթացին իր հանձնառությունը, հայտնում է Factor.am-ը:

Նա ասել է նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկվում են նոր համագործակցության հնարավորություններ, սակայն վերջնական որոշումներ դեռ չկան։

Նախարարը նշել է, որ օրակարգում առկա են բազմաթիվ տեխնիկական և տնտեսական հարցեր, որոնց թվում են նաև հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող թեմաները։

Միրզոյանը հիշեցրել է, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ պայմանավորվածությունը վաղուց գոյություն ունի, սակայն դրա իրականացումը շարունակ հետաձգվել է։

Նրա խոսքով՝ գործընթացը շարունակվում է «քայլ-քայլ», և ինքը վստահ է, որ ապագայում հնարավոր կլինի ականատես լինել հարաբերությունների ամբողջական կարգավորմանը։

Միրզոյանը նաև հայտնել է, որ Ռուսաստանի հետ կապը շարունակական է, և ՌԴ վերջին հայտարարություններից հետո առանձնահատուկ քննարկման անհրաժեշտություն չի տեսնում։

ԱՄՆ-ի Ատլանտյան խորհուրդ (Atlantic Council) վերլուծական կենտրոնը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկել է վերացնել Ադրբեջանին զենքի վաճառքի սահմանափակումները՝ Բաքվի կողմից տասնյակ քաղբանտարկյալների, նաև այնտեղ պահվող հայերի ազատ արձակման դիմաց։ Նշվում է, որ այս պայմանավորվածությունը պետք է ներառի Բաքվին ուղղված հստակ նախազգուշացում, որ ստացվող օգուտները կախված են դժվարությամբ ձեռք բերված խաղաղության պահպանումից։