Պաշտպան Արամ Վարդևանյանը դատարան միջնորդություն է ներկայացրել հայտնի գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահՍամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու վերաբերյալ։ Այս մասին դատական նիստի մեկնարկին հայտնել է դատավոր Վահե Դոլմազյանը՝ նշելով, որ պաշտպանական կողմը ներկայացրել է գրավոր միջնորդություն։
Վարդևանյանը դատարանին պարզաբանել է, որ խափանման միջոցի իրավաչափության հիմքերի առումով տեղի են ունեցել էական փոփոխություններ, ինչի հետևանքով անհրաժեշտ է կրկին քննարկել Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը, հայտնում է Factor.am-ը:
Պաշտպանի խոսքով՝ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժը մասնակցում է Ազգային ժողովի ընտրություններին, գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և ներկայում գտնվում է նախընտրական քարոզչության փուլում։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





