AM
12 Մայիս 2026 - 13:16 AMT

Դատախազությունն ուսումնասիրել է Նազիկ Ամիրյանի և Վարշամ Ղարիբյանի Սևանի հողամասերի վարձակալության պայմանագրերը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ձեռնարկելու միջոցներ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև 2005 թվականի օգոստոսի 2-ին և 2006 թվականի հունվարի 19-ին կնքված Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու կամ դադարեցնելու ուղղությամբ։

Պետական շահերի պաշտպանության վարչությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իր լիազորությունների շրջանակում, ուսումնասիրել է նշված պայմանագրերն ու դրանց առնչվող փաստաթղթերը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ երեք պայմանագրերն էլ կնքվել են երեք տարի ժամկետով, սակայն շարունակել են գործել անորոշ ժամկետով։

Արձանագրվել է նաև, որ պայմանագրերով նախատեսվել է հողի կադաստրային արժեքի փոփոխության դեպքում վերանայել վարձավճարները՝ վարձակալներին նախապես ծանուցելու պայմանով։ Սակայն 2021 թվականի հունվարի 1-ից հողամասերի կադաստրային արժեքների բարձրացման պայմաններում վարձավճարների փոփոխության մասին ծանուցումները վարձակալներին ուղարկվել են երեք տարի ուշացումով։

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ հողամասերի վարձակալության մրցույթների կազմակերպման մասին հայտարարությունների հրապարակման վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ չեն հայտնաբերվել։

Արձանագրված խախտումների առնչությամբ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել Քննչական կոմիտե։