Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ընթացքում վիճաբանել է քաղաքացու հետ:
Քաղաքացիան ասել է․«Հավատում էի Ձեզ ու Ձեր իշխանությանը։ 2018-ին Ձեր կողքին էի, զգում էի, որ պետք է իշխանությունը հեռանար։ Հիմա նույնը Ձեզ եմ ուզում ասեմ։ Դուք հանձնել եք Արցախը։ Ես գիտեմ՝ շատերին հաճելի չի լինելու լսելը։ Դուք 5000 տղաների մահվան առաջին պատասխանատուն եք», հայտնում է Factor.am-ը:
5000 զոհի վերաբերյալ հայտարարությունը Փաշինյանին վրդովեցրել է:
«5000 թիվը որտեղի՞ց։ Դուք էդ ստահակների բառապաշարն եք վերցնում, Ձեզ քի՞չ է, հա՞, զոհերի թիվը, մի հատ էլ 5000 թիվը»,-ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ պատերազմում կատարված զոհողությունների արդյունքում է Հայաստանը պահպանել պետականությունն ու անկախությունը։
«Դուք եկել եք վարչապետի դիմաց կանգնել եք, այդ ամենն ասում եք։ Դա նշանակում է, որ մենք պետություն ունենք, անկախություն ունենք, ժողովրդավարություն ունենք, որովհետև եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում Ձեզ զխկելով սպանում էին, այ հենց հիմա»,- ասել է Փաշինյանը։
Շենգավիթում մեկ այլ միջադեպ էլ է տեղի ունեցել․ ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որը ավելի վաղ տեսանյութով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին, հայտնում է Panorama.am-ը:
«Նիկոլ, թռածներիդ կուտոկին հավաքի արի ըստեղ, սպասում եմ»,-ասել էր նա:
Տղամարդուն ձեռնաշղթաներ են հագցրել հղի կնոջ և տարեց մոր ներկայությամբ, ապա ուժով նստեցրել ոստիկանության մեքենան։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխված քաղաքացին Արտակ Ավետիսյանն է։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





