AM
13 Մայիս 2026 - 06:22 AMT

Լոնդոնում հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացը

Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի ներկայիս փուլը, առկա հնարավորություններն ու հավանական ռիսկերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը:

«Տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղությունը կառուցվում է ոչ միայն քաղաքական բանակցություններով, այլ նաև մարդկանց միջև վստահությամբ։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում այսօր կա նոր հնարավորություն, և կարևոր է, որ հասարակությունները նույնպես ներգրավված լինեն այդ ճանապարհին։

Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը»,- գրել է Քոչինյանը։

Նա նշել է, որ տևական խաղաղությունը ձևավորվում է երկխոսության, փոխադարձ վստահության և երկարաժամկետ համագործակցության շնորհիվ։

Հայաստանի և Ադրբեջանի փորձագետներն արդեն մի քանի անգամ հանդիպել են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում,ինչպես ՀՀ, այնպես էլ Ադրբեջանի տարածքում: