ՀՀ Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն է ուղարկել Բելառուսի գլխավոր դատախազություն՝ 2025 թվականի հունվարի 10-ին։ Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Արմենպրեսը:
2025-ի նոյեմբերի 14-ին ստացվել է Բելառուսի գլխավոր դատախազության գրությունն այն մասին, որ հանձնման մասին միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա՝ Բելառուսի Հանրապետության տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո:
Մայիսի 12-ին ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ Բելառուսից բերման կենթարկի Ծառուկյանի որդուն, հայտնում է Sputnik Արմենիան:
Փաշինյանի խոսքով՝ Ծառուկյանի որդին ոչ մի անգամ առաջնագծում չի կրակել, բայց կրակել է Կոտայքի մարզում և այժմ փախուստի մեջ է:
«Չոքացնելու եմ, Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարե՞լ ա, ես քեզ ասում եմ՝ լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք և դնենք պատասխանատվության, ոչ ոք չի փրկելու»,– հայտարարել է Փաշինյանը։
Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է Փաշինյանի այս հայտարարությունները:
«Ամբողջ աշխարհում քաղաքականության մեջ կարգ կա, կանոն կա, որ երբեք երեխա, ընտանիք, ծնող ասելն ընդունված չի։ Ես էլ իմ «կլասը» չեմ գցելու»,– ասել է նա:
Ինչ վերաբերում է որդուն, ապա ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ նա իր գործերը կավարտի և Հայաստան կգա հունիսի 7–ից հետո:
Ինչ վերաբերում է Կոտայքում հնչած կրակոցներին, ապա Ծառուկյանն ասաց` ով կրակել է, նա էլ պետք է պատասխանատվություն կրի:
Դիտարկմանը, թե նա խուսափում է քննադատել Բելառուսի առաջնորդին՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ Իլհամ Ալիևի շնորհավորանքի համար, ԲՀԿ առաջնորդը Լուկաշենկոյին անվանեց իր ընկերը և կոչ արեց չխառնել բարեկամությունը պետական հարաբերությունների հետ:
Նվեր Ծառուկյանը միջազգային հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատներից մեկում հնչած կրակոցներից հետո: 2024 թ. հոկտեմբերի 26–ին Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատան աշխատակիցների և Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։





