Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 13-ին տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է Հայաստանի հետ ուղիղ առևտրի մեկնարկի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին, հայտնում է Արմենպրեսը:
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի կողմից ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացումը:
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ողջունում ենք ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:
Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:
Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»:
Թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ լավ լուր կա գործարարների համար։
«Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայում գործարկված նոր կարգավորման շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի Հայաստանից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Թուրքիա ուղարկվող կամ նույն երթուղով Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»։
Այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։Շարունակում ենք աշխատել սահմանի՝ այդ թվում Գյումրի֊Կարս երկաթուղու բացման ուղղությամբ»,- գրել է նա:
Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության՝ 2026 թ. մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են բոլոր անհրաժեշտ բյուրոկրատական ընթացակարգերը։
Այնուամենայնիվ, երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են։ Նոր կանոնակարգերի համաձայն՝ Թուրքիայից Հայաստան երրորդ երկրների միջոցով ապրանքներն այժմ կարող են որպես վերջնական նպատակակետ կամ ծագման երկիր նշել Հայաստանը կամ Թուրքիան։ Անկարան ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի խթանել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և գործակցության զարգացումը՝ հօգուտ տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների:
Ավելի վաղ Միրզոյանը մոտեցել էր քարոզարշավ իրականացնող Փաշինյանին և ականջին շշնջացել` «թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք»։ Քանի որ վարչապետը խոսում էր բարձրախոսով, նախարարի խոսքերը լսվել էին նաև ուղիղ եթերում։ Ավելի ուշ լրագրողները Միրզոյանից հետաքրքրվել էին, թե ինչ էր նա փոխանցել Փաշինյանին, ինչին նախարարն արձագանքել էր՝ «կբացեն, կհասկանանք»։ Նա նաև նշել էր, որ խոսքը հայ-թուրքական սահմանի բացման մասին չէ։





