AM
13 Մայիս 2026 - 07:54 AMT

Եվրահանձնաժողովը հրապարակել է վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ՀՀ առաջընթացի առաջին զեկույցը

Եվրոպական Հանձնաժողովը հրապարակել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցը, որը հայկական կողմին է փոխանցվել մայիսի 5-ին: Այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։

Առաջին զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացն առաջին խումբ հենանիշերի կատարման ուղղությամբ՝ կենտրոնանալով բացառապես օրենսդրական և քաղաքականության շրջանակի վրա չորս կարևոր ուղղություններով՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում, հասարակական կարգ և անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:

Հստակ քայլերով առաջ ենք շարժվում դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի նպատակը, հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քաղաքացիներին ուղղված ֆեյսբուքյան ուղերձում:

Նա նշել է, որ այս ուղղությամբ արձանագրվել է իսկապես պատմական առաջընթաց։

«Մենք միակ պետություն ենք աշխարհում, ում հետ Եվրոպական միությունը ակտիվ խոսում է վիզաների ազատականացման հարցով»,- նշել է Սարգսյանը։

Նախարարը նշել է, որ երկխոսության պաշտոնական մեկնարկից հետո Հայաստանը ռեկորդային կարճ ժամկետում և բարձր վստահության պայմաններում ստացել է գործողությունների ծրագիրը, իսկ մի քանի օր առաջ եվրոպացի գործընկերները ներկայացրել են առաջընթացի առաջին զեկույցը։

«Մի շարք ուղղություններով Հայաստանը գրանցել է առաջանցիկ տեմպեր։ Այսինքն՝ արել ենք ավելին, քան նույնիսկ ակնկալվում էր այս փուլում: Սա ՀՀ քաղաքացիների համար նոր հնարավորությունների, ավելի սերտ կապերի և Եվրոպային ավելի մոտ լինելու մասին է։ Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք հետևողական աշխատանքը՝ հստակ քայլերով առաջ շարժվելով դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի և արժանապատիվ ճամփորդության նպատակը»,-ասել է նա:

Առաջին զեկույցը գնահատել է Հայաստանի առաջընթացը հենց առաջին խմբի հենանիշերի կատարման ուղղությամբ՝ կենտրոնանալով փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարման, հասարակական կարգի և անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների ոլորտների վրա։

Փաստաթղթերի անվտանգության ուղղությամբ 2025 թվականի հուլիսին ընդունվել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքը, որը հնարավորություն է տալու ձևավորել բնակչության միասնական և անվտանգ էլեկտրոնային ռեգիստր։ Միաժամանակ կնքվել է պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիր՝ ազգային կենսաչափական նույնականացման համակարգի արդիականացման համար։

Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարման ոլորտում Հայաստանը մշակել է Սահմանների համալիր կառավարման 2026-2029 թվականների ռազմավարությունը։ Առաջընթաց է արձանագրվել նաև վարչարարական ծառայությունների թվայնացման գործընթացում, ներառյալ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկումը և օտարերկրացիների աշխատանքի ու կացության թույլտվությունների թվայնացումը։

Հասարակական կարգի և անվտանգության ոլորտում զեկույցը նշել է, որ 2018 թվականից հետո Հայաստանը զգալիորեն ուժեղացրել և միջազգային չափանիշներին համապատասխանեցրել է հակակոռուպցիոն իրավական և ինստիտուցիոնալ համակարգը։ Անդրադարձ է կատարվել նաև Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի ձևավորմանը, ինչպես նաև թրաֆիքինգի դեմ պայքարի նոր ծրագրին, որը նախատեսվում է ընդունել 2026 թվականին։

Եվրոպական կողմը դրական է գնահատել նաև անձնական տվյալների պաշտպանության նոր և անկախ մարմնի ստեղծումը, ինչպես նաև «Խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի մշակման գործընթացը։ Նշվել է, որ 2025 թվականին Հայաստանը ընդունել է երեխաների իրավունքների պաշտպանության նոր օրենսդրություն։

Զեկույցում ընդգծվել է, որ Հայաստանի քաղաքացիներին տրամադրված Շենգենյան վիզաների թիվը 2019 թվականի 51 հազարից 2024 թվականին հասել է 86 հազար 300-ի, իսկ բազմակի մուտքի արտոնագրերի տեսակարար կշիռը աճել է մինչև 43.5 տոկոս։ Միաժամանակ նվազել է վիզաների մերժման մակարդակը։

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել 2025 թվականի նոյեմբերին։ Այն ներառում է 74 հենանիշ, որոնք իրականացվում են երկու փուլով՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորում, ինչպես նաև դրանց գործնական կիրառության ապահովում։