Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նախընտրական ժամանակահատվածում ստացվող ահազանգերի առնչությամբ հիշեցրել է, որ քաղաքացիների հետ նախընտրական թեմաներով զանգերի, կարճ հաղորդագրությունների, էլեկտրոնային նամակների կամ այլ ուղիղ հաղորդակցության իրականացումը պետք է կատարվի բացառապես օրինական հիմքով և անձնական տվյալների պաշտպանության պահանջների պահպանմամբ, հայտնում է արդարադատության նախարարությունը։
ԱՆ-ն կոչ է արել քաղուժերին պահպանել անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները:
Նշվում է,որ վերջին շրջանում ստացվում են ահազանգեր այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր կամ դրանց հետ առնչվող անձինք քաղաքացիներին և իրավաբանական անձանց ուղարկում են նախընտրական բովանդակությամբ զանգեր, հաղորդագրություններ և փոստային նամակներ։
«Հատկապես մտահոգիչ են այն դեպքերը, երբ տվյալ անձինք նախկինում որևէ կապ չեն ունեցել համապատասխան ուժերի հետ, չեն տրամադրել իրենց կոնտակտային տվյալները այդ նպատակով օգտագործելու համար և տեղեկացված չեն, թե իրենց անձնական տվյալները որտեղից և ինչ եղանակով են ձեռք բերվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը շեշտել է, որ անձնական տվյալների, այդ թվում՝ հեռախոսահամարների, էլեկտրոնային փոստի հասցեների և այլ կապի միջոցների օգտագործումը նախընտրական նպատակներով չի կարող իրականացվել կամայական կերպով,անթույլատրելի է անձնական տվյալների հավաքումը, օգտագործումը կամ փոխանցումը, եթե բացակայում է դրա օրինական հիմքը, իսկ տվյալների սուբյեկտը տեղեկացված չէ իր տվյալների աղբյուրի, օգտագործման նպատակի և հիմքերի մասին։
Առանձնակի ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ իրավաբանական անձանց, մասնավորապես՝ անհատ ձեռնարկատերերին ուղարկվող հաղորդակցություններում ևս կարող են օգտագործվել նույնականացնող կամ կապի տվյալներ, որոնց մշակումը նույնպես պետք է համապատասխանի օրինականության և համաչափության պահանջներին։
«Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, նախընտրական շտաբներին, նրանց անունից գործող անձանց, ինչպես նաև տվյալների հնարավոր մշակողներին՝ խստորեն պահպանել անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնց դեպքում անհայտ է տվյալների ծագումը, բացակայում է օրինական հիմքը կամ անձը ողջամտորեն չի կարող ակնկալել նման հաղորդակցություն ստանալ։
Միաժամանակ քաղաքացիներին և անհատ ձեռնարկատերերին կոչ ենք անում նման դեպքեր արձանագրելու դեպքում հնարավորինս պահպանել ստացված զանգերի, հաղորդագրությունների կամ նամակների վերաբերյալ տվյալները և համապատասխան ուսումնասիրություն իրականացնելու նպատակով դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ ք. Երևան, Կոմիտաս 54Բ հասցեով, կամ նամակ ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին»,- ասված է հայտարարության մեջ։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





