AM
13 Մայիս 2026 - 09:53 AMT

ՀԿԿ․ «Մեր ձևով» գրասենյակի ղեկավարը «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է տվել

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։

Բացի այդ, նույն անձը ԱԺ ընտրությունների նշանակման որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Երևանի բնակչին վիրահատության նպատակով անհատույց տրամադրել է գումար։

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, իրականացվել են խուզարկություններ և կատարվել այլ վարութային գործողություններ։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։