AM
13 Մայիս 2026 - 10:48 AMT

«Հայաստան» դաշինքի Թալինում նախատեսված հանդիպումը չի կայացել Փաշինյանի այցի պատճառով

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի պատճառով չեղարկվել է «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ:

Ըստ դաշինքի՝ դա «վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է»։

«Այսօր նախատեսված էր «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ։ Սակայն Թալինի համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել մեր հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում։ Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։

Քանի որ մեր նպատակը հարյուրավոր քաղաքացիների համար պատշաճ և արժանապատիվ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշված վայրն ամենահարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկվող արհեստական սահմանափակումները»,-ասվում է հայտարարության մեջ:

Դաշինքը հայտնել է, որ Թալինում նախատեսված հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։ Օրվա և վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։