AM
13 Մայիս 2026 - 11:11 AMT

Դատախազություն․ Ծառուկյանի աղջկանից և փեսայից բռնագանձված գույքը փոխանցվել է պետությանը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից բռնագանձված գույքի նկատմամբ։

Դրանց թվում են Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ անշարժ գույքի մոտ 90%-ը, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասը, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմսերը:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով, բավարարվել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումը:

Համաձայն վճռի՝ բացի վերոնշյալ՝ արդեն Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերից, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձման են ենթակա՝ 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 հազար 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք. 1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս. 58 միլիոն 120 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար. 934 հազար դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք:

2025 թվականին դատարան է հանձնվել 2008-2015 թվականներին Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական գործը: Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գուլոյանը, չարաշահելով իր լիազորությունները, Աբովյանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կամ այլ քաղաքացիների օժանդակությամբ, ընդհանուր առմամբ 65 դրվագով Աբովյան համայնքի զբոսայգիների, պուրակների և փողոցների տարածքներում գտնվող հողերը ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդների միջոցով օտարել է տարբեր անձանց։

2 դրվագով նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ օրինականացրել է հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը: