Ռուսաստանի Պետական դուման մայիսի 13-ին ընդունել է օրենք, որը զգալիորեն ընդլայնել է նախագահ Վլադիմիր Պուտինի լիազորությունները՝ երկրի սահմաններից դուրս զինված ուժեր կիրառելու հարցում։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 384 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել։ Փոփոխությունները ներառվելու են «Քաղաքացիության մասին» և «Պաշտպանության մասին» դաշնային օրենքներում, հայտնում է Deutsche Welle-ն:
Նոր կարգավորումներով Պուտինը կարող է բանակ օգտագործել «ՌԴ քաղաքացիների պաշտպանության» նպատակով, եթե նրանք արտերկրում ենթարկվեն կալանքի, ձերբակալության կամ քրեական հետապնդման։ Խոսքը մասնավորապես վերաբերում է այն դատարաններին, որոնք գործում են առանց Ռուսաստանի մասնակցության, կամ միջազգային ատյաններին, որոնք Մոսկվան չի ճանաչում։
Մինչ այս Ռուսաստանի նախագահը կարող էր զորքեր ուղարկել արտերկիր միայն այն դեպքերում, երբ որոշումները «հակասել են ՌԴ շահերին» կամ երկրի «հանրային իրավակարգի հիմքերին»։ Պետդումայում նոր օրենքը ներկայացվել է որպես «ոչ բարեկամական օտարերկրյա պետությունների անօրինական գործողություններից ռուս քաղաքացիների պաշտպանության ուժեղացման» միջոց։
Պուտինի լիազորությունների ընդլայնումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ արևմտյան հատուկ ծառայություններն ավելի հաճախ են նախազգուշացնում, որ Կրեմլը նախապատրաստվում է պատերազմի եվրոպական մեկ կամ մի քանի երկրների դեմ։ Անցած տարվա ամռանը Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) ղեկավարը զգուշացրել էր Բալթյան տարածաշրջանում ռուսական սադրանքի վտանգի մասին՝ Ղրիմի սցենարի նմանությամբ, իսկ Դանիայի հետախուզությունը փետրվարին հայտարարել էր, որ Ռուսաստանը հինգ տարվա ընթացքում կարող է լայնածավալ պատերազմ սկսել Եվրոպայում։
Մարտին ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել էր, որ Պուտինը կարող է գնալ գիտակցված էսկալացիայի՝ ընդհուպ մինչև ՆԱՏՕ-ի հետ ուղիղ բախում՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքով։
Նիդերլանդների ռազմական հետախուզության (MIVD) տվյալներով՝ Ռուսաստանին մոտ մեկ տարի է անհրաժեշտ ուժեր կուտակելու համար, որոնք բավարար կլինեն ՆԱՏՕ-ի հետ «տարածաշրջանային հակամարտության» համար։ MIVD-ի գնահատմամբ՝ հնարավոր հարձակման նպատակը լինելու է ոչ թե դաշինքի ռազմական պարտությունը, այլ քաղաքական պառակտումը՝ սահմանափակ տարածքային գրավումների միջոցով և հնարավոր միջուկային շանտաժի պայմաններում։
Ամերիկյան Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) փորձագետները դեռ անցած տարվա հոկտեմբերին նշել էին, որ Ռուսաստանում նման պատերազմի նախապատրաստման «զրոյական փուլն» արդեն սկսվել է։ Դրա ապացույց են անվանել երկրի արևմտյան հատվածում ռազմական օկրուգների վերակազմավորումը, ֆիննական սահմանի մոտ բազաների կառուցումը, դիվերսիաները, GPS ազդանշանների խափանումներն ու օդային սադրանքները։





