AM
14 Մայիս 2026 - 07:43 AMT

«Հայաստանը»՝ ԵԽԽՎ-ին․ Ոչ հասցեական գնահատականները նպաստում են անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միակողմանի ու հիմնազուրկ է որակել ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության միջանկյալ գնահատականներիը։

Հայտարարության մեջ նշվում է, որ «ոչ հասցեական գնահատականները նպաստում են անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը»:

Խմբակցությունը նշել է, որ կարևորում է փաստաթղթում ներառված մի շարք գնահատականներ և շեշտադրումներ, ինչպես նաև դրական է գնահատել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ անցկացված հանդիպումները, սակայն միաժամանակ անհրաժեշտ է համարել ուշադրություն հրավիրել այն հանգամանքների վրա, որոնք, ըստ ընդդիմադիրների, դուրս են մնացել դիտորդական պատվիրակության գնահատականների շրջանակից։

Խմբակցությունը պնդել է, որ հիմնազուրկ են այն ձևակերպումները, թե ընտրություններին ընդառաջ հաստատվել է «Հայաստանի իշխանությունների և շահագրգիռ կողմերի միջև կառուցողական համագործակցություն», քանի որ, ըստ հայտարարության, ընդդիմադիր ուժերի նկատմամբ կիրառվել են քրեական հետապնդումներ, քաղաքական թիրախավորում, ատելության խոսք և այլ ճնշման մեխանիզմներ։

Հայտարարության հեղինակները նաև ընդգծել են, որ ներկայացված գնահատականները եղել են չափազանց ընդհանրական և մակերեսային՝ առանց հաշվի առնելու, իրենց գնահատմամբ, խնդիրների համակարգային բնույթը։ Ըստ խմբակցության՝ խոսքը ոչ թե առանձին դեպքերի կամ լարված քաղաքական իրավիճակի, այլ իշխանության հետևողական քաղաքականության մասին է, որը ներառել է վարչական վերահսկողություն, ինստիտուցիոնալ ճնշումներ, ընտրովի արդարադատություն և քաղաքական հալածանքներ։

Խմբակցությունը նշել է նաև, որ իշխանության և ընդդիմության միջև փաստացի հավասարության նշան է դրվել այն դեպքում, երբ պետական համակարգը, վարչական ռեսուրսները, իրավապահ մարմինները և տեղեկատվական դաշտի զգալի հատվածը, ըստ ընդդիմադիրների, գտնվում են իշխանության վերահսկողության ներքո։

«Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը՝ ստեղծելով միջազգային հանդուրժողականության և անպատժելիության մթնոլորտ, ինչը տվյալ ժամանակահատվածում չի նպաստում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքի իրագործմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ տարակուսանք է արտահայտվել նաև այն առնչությամբ, որ ընդդիմադիրների մի շարք մտահոգություններ ներկայացվել են միայն որպես «լսված» տեղեկություններ, մինչդեռ իշխանության դիրքորոշումները ներկայացվել են որպես հաստատված փաստեր։

«Հայաստան» խմբակցությունը հավելել է, որ ԵԽԽՎ հայտարարությունում չեն արտացոլվել իրենց կողմից ներկայացված մի շարք դիտարկումներ, որոնք վերաբերել են Հայաստանում, իրենց գնահատմամբ, խորացող ավտորիտար միտումներին, դատական իշխանության կախվածությանը, ընտրական օրենսգրքի փոփոխություններին, վարչական ռեսուրսների կիրառմանը, մեդիա անհավասարությանը և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներին։

Խմբակցությունը նաև անհիմն և ոչ հավասարակշռված է գնահատել հայտարարության այն հատվածը, որտեղ նշվել է «Հայ Առաքելական եկեղեցու՝ քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» մասին։ Ըստ ընդդիմադիրների՝ հավասարակշռված մոտեցման դեպքում անհրաժեշտ էր անդրադառնալ նաև եկեղեցու և Վեհափառ Հայրապետի նկատմամբ իրականացվող գործողություններին։

«Հուսով ենք, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը, հետամուտ լինելով ժողովրդավարության և, մասնավորապես, ազատ կամարտահայտությամբ իշխանության ձևավորման հիմնարար արժեքին, իր հետագա դիտարկումները կկառուցի առավել խորքային, փաստարկված և համակողմանի ուսումնասիրության հիման վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

ԵԽԽՎ պատվիրակությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի քաղաքական և տեղեկատվական դաշտի վրա ազդող արտաքին միջամտության ավելի բարդ և համակարգային բնույթի վերաբերյալ։Պատվիրակությանը նաև տեղեկացվել է ՌԴ նախագահի կողմից ՀՀ վարչապետին ուղղված անմիջական խնդրանքների մասին՝ Ռուսաստանում բնակվող հայկական սփյուռքի քվեարկությունը հեշտացնելու, ինչպես նաև հիմնական ընդդիմադիր կուսակցության կողմից այդ սփյուռքային հատվածին ֆինանսական խրախուսանքներ տրամադրելու վերաբերյալ՝ Հայաստան գալու և ընտրության օրը մասնակցելու նպատակով։

ԵԽԽՎ պատվիրակությունը նշել է նաև Հայ Առաքելական եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում և կարևորել ընտրարշավների ֆինանսավորման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ հատկապես վերջին օրենսդրական փոփոխությունների ֆոնին։