AM
14 Մայիս 2026 - 08:31 AMT

Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Հովսեփյանի եղբորից բռնագանձել 3 անշարժ գույք և գումար

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը, որը վերաբերել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարան է ներկայացրել պահանջ, որով Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից (նա նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է՝ խմբ․) և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվել է բռնագանձել՝

3 անշարժ գույք, որոնցից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում,

1 տրանսպորտային միջոց,

1 իրավաբանական անձում մասնակցություն,

236 միլիոն 827 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ: