AM
14 Մայիս 2026 - 08:44 AMT

Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 2-ը կալանավորվել է, մեկը՝ տնային կալանքի տակ է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով քաղաքացիներին ընտրակաշառք տալու գործով ձերբակալված անձանցից 2-ը կալանավորվել է, իսկ մեկ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:

Մայիսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ՀԿԿ-ի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։

«Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։