AM
14 Մայիս 2026 - 09:30 AMT

Ռուսաստանը մտադիր է արտաքսել օտարերկրացիներին՝ ցույցերին մասնակցելու համար

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է երկրից արտաքսել օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց՝ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու և ռուսական բանակը «վարկաբեկելու» համար։

Ռուսաստանի կառավարության կողմից մարտին ներկայացված փաստաթուղթը պատգամավորները հավանության են արժանացրել մայիսի 13-ին, հայտնում է Deustche Welle-ն:

Օրինագիծը նախատեսում է ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքում ավելացնել ընդհանուր առմամբ 58 նոր իրավախախտման տեսակ, որոնց համար օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են արտաքսվել Ռուսաստանից։

Դրանց թվում են՝ Ռուսաստանի և նրա քաղաքացիների դեմ պատժամիջոցների կոչերը, ՌԴ տարածքային ամբողջականությունը խախտող գործողությունների հրապարակային կոչերը, արտակարգ դրության, հակաահաբեկչական գործողության կամ ռազմական դրության պահանջների խախտումները, չնախատեսված վայրերում կրակոցները, իրավապահ մարմիններին չենթարկվելը, ինչպես նաև «ծայրահեղականության և ապակառուցողական տեղեկատվության» հետ կապված իրավախախտումները։

Վարչական արտաքսում նախատեսվում է նաև «ծայրահեղական նացիստական խորհրդանիշների քարոզչության», ատելություն կամ թշնամանք հրահրելու, ինչպես նաև «վտանգավոր տեղեկատվություն տարածելու նպատակով ԶԼՄ-ների ազատության չարաշահման» համար։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը այս միջոցների անհրաժեշտությունը բացատրել է «միգրացիոն ոլորտում կարգուկանոն հաստատելու» անհրաժեշտությամբ։ Օրինագիծը հետագայում կքննարկվի երկրորդ և երրորդ ընթերցումներով։

Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացումը սկսվել է 2024 թվականի մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 150 մարդ, իսկ ավելի քան 600-ը տուժել են։ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ ահաբեկչությունը կազմակերպել են «Կենտրոնական Ասիայի քաղաքացիներ»։

Դրանից հետո՝ 2025 թվականի հունվարին, ուժի մեջ է մտել միգրացիոն կարգավիճակ ստանալու նպատակով կնքված կեղծ ամուսնությունների դեմ պայքարի մասին օրենքը։ Փոփոխություններով սահմանվել է, որ ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ամուսնության մեջ գտնվել առնվազն երեք տարի։ Բացի այդ, Ռուսաստանում սկսել են վարել վերահսկվող անձանց ռեեստր, որտեղ ներառվում են այն օտարերկրացիների տվյալները, որոնք երեք ամսից ավելի առաջ կորցրել են երկրում օրինական գտնվելու հիմքերը։

2025 թվականի փետրվարից օտարերկրացիների արտաքսման մասին որոշումները կայացնում է ոչ թե դատարանը, այլ պաշտոնատար անձը, մասնավորապես՝ ոստիկանության բաժինների ղեկավարները։ Բացի այդ, միգրանտների երեխաներին արգելվել է ընդունվել ռուսական դպրոցներ՝ առանց ռուսաց լեզվի քննություն հանձնելու։