«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություն է կատարվել, ինչը հաստատել են դաշինքից:
Հակակոռուպցիոն կոմիտեից ասել են, որ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացվել, հայտնում է Sputnik Արմենիան:
«Նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– ասել են կոմիտեից։
Ավելի վաղ ABC media-ն հայտնել է, որ մեկ անձ ձերբակալվել է և տեղափոխվել Երևան։
Ավելի վաղ այս ընտրարշավի ընթացքում խուզարկություններ և ձերբակալություններ են արձանագրվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի տարբեր գրասենյակներում, իսկ «Հայաստան» դաշինքի պարագայում սա առաջին դեպքն է։
«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել իրենց քաղաքական օրակարգը:
«Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։
Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են.
իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն և իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։
Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։
Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։
Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին»,-նշված է դաշինքի հայտարարության մեջ։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





