Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախկինում նախատեսված պատիժը կխստացվի, հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում:
Նա հայտնել է, որ իր և պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի ու Վահագն Ալեքսանյանի կողմից նոր օրենսդրական նախաձեռնություն է դրվել շրջանառության մեջ:
«Մինչև 8 տարի նախատեսվող պատիժն ընտրակաշառք տալու համար կփոխարինվի մինչև 10 տարի ազատազրկմամբ, վերցնելու համար՝ մինչև 7 տարվա փոխարեն՝ մինչև 9 տարի:
Հիմա գնացեք մտածեք՝ արժի՞ հարյուր կամ երկու հարյուր հազար դրամի, հեռուստացույցի, շալվարի, քաբաբի դիմաց գնալ և բավականին երկար ժամանակ անցկացնել ուղղիչ աշխատանքային գաղութում, ունենալ դատվածություն և մտնել այս ամենի մեջ, և նաև հարվածի տակ դնել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր ինքնուրույն որոշում կայացնելու փաստը։ Իսկ այն մարդկանց, ովքեր որ մինչև այս պահը ներքաշվել են դրա մեջ, ես անկեղծ չեմ նախանձում»,-ասել է ԱԺ նախագահը:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





