AM
14 Մայիս 2026 - 11:52 AMT

«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկել են Կարապի լիճը

«Բոլորին դեմ եմ» կուսակցության ակցիայից առաջ մայիսի 14-ի առավոտյան դատարկվել է Կարապի լիճը:

Կուսակցությունը մայիսի 13-ին հայտնել էր, որ նախատեսում է «ջուր ծեծելու» ակցիա իրականացնել Կարապի լճում։

«Սա հերթական վկայությունն է, որ իշխանությունները ջուր ծեծելու հարցում մրցակիցներ չեն հանդուրժում։ Տեղեկացնում ենք, որ հայ քաղաքական միտքը ցանկացած անհնար իրավիճակում անգամ կգտնի ջուր ծեծելու հնարավորություն։ Այնպես, որ բոլորիդ սպասում ենք այսօր, նույն տեղում, նույն ժամին՝ Կարապի լիճ` Առնո Բաբաջանյանի արձանի հարևանությամբ»,- հայտնել է «Բոլորին դեմ եմ»-ը։

Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասել է, որ շաբաթական մեկ օր մայրաքաղաքի արհեստական լճերն ու շատրվանները մաքրվում են, և յուրաքանչյուրն ունի իր սանիտարական մաքրման օրը, հայտնում է Factor.am-ը:

«Այսօր Կարապի լճի սանիտարական օրն է, դատարկվել է և մաքրվել այս պահի դրությամբ և հիմա ջուրը հետ է լցվում»,- ասել է նա։

Բեգոյանի խոսքով՝ մինչև երեկո լիճը լցված կլինի։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։