ՀՀ վարած քաղաքականությունը շարունակելու է միտված լինել Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը, հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը քարոզարշավի ժամանակ: Նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում հայտարարություններին, որ ՀՀ իշխանությունը փչացրել է հայ–ռուսական հարաբերությունները։
«Կարծում եմ` այդ մեղադրանքները, թե մենք փչացրել ենք հարաբերությունները առնվազն արդար չեն ու անհիմն են»,– ասել է Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա վստահեցրել է, որ ՀՀ–ն բոլոր ջանքերը գործադրել, գործադրում և ապագայում էլ գործադրելու է, որպեսզի ՌԴ–ի հետ ունենա նորմալ, գործընկերային, առողջ հարաբերություններ։
«Սա չի նշանակում, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կենտրոնացած լինի միայն այդ ուղղությամբ։ Մենք ասել ենք, որ մեր մոտեցումը բալանսավորված արտաքին քաղաքականությունն է։ Այո՛, մենք ուզում են դիվերսիֆիկացնել բազմաթիվ բաներ, այդ թվում` տնտեսական կապերը… Սա մեկը մյուսի հետ կապ չունի»,– հավելել է նա։
Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է։ Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները։
Մայիսի 9-ին Պուտինն ասուլիսի ժամանակ ասել էր՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծել էր՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։





