Արագածոտնի մարզում 4 դպրոցի տնօրեն աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն այդ դիմումները չեն մակագրվի, քանի դեռ ծառայողական քննություն է ընթանում։ Այդ մասին Աջափնյակում լրագրողների հետ արտագնա ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ հենց ինքն է հրահանգել ազատման դիմումներ գրել, հայտնում է Sputnik Արմենիան:
Մայիսի 13-ին ԶԼՄ–ները գրել էին, որ Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցել են մարզի գյուղերի ուսուցիչներ և աշակերտներ, իսկ դասաժամերը հատուկ կրճատվել էին։ Ապարանում քաղաքացիներից մեկը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հարցրել էր՝ նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի։ Փաշինյանն առանց պատասխանելու ավտոբուս էր նստել ու հեռացել։
«Այն դպրոցների տնօրենները, որոնց հետ կապված խնդիր կա, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Որ չստացվի՝ մենք պահի տակ, էմոցիայի տակ, հանկարծ ինչ-որ մեկի նկատմամբ անարդար վարվենք, որովհետև տարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ եղան։ Հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, ու այնտեղ, որտեղ պարզվի՝ ապօրինի հրահանգ է եղել, աշխատանքից կազատվեն»,- ասել է Փաշինյանը։
Նա պնդել է, թե ատում է վարչական ռեսուրսի կիրառումն ու խիստ հրահանգել է բացառել այն։ Ըստ Փաշինյանի՝ եթե վարչական ռեսուրսի կիրառմամբ որևէ մեկին դրդեն մասնակցել իրենց հանրահավաքներին կամ էլ հակառակը՝ թույլ չտան մասնակցել, ապա դա անհետևանք չի մնա։
ՀՀ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ ընդգծելով, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։ Մայիսի 13-ին էլ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել էր, որ քննվելու է Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության հարցը։





