Եթե իրավապահ համակարգում 52 անձ կարող է առնչություն ունենալ մեկ մարդու հետ, դա ռիսկի կոնտինգենտ է, հայտարարել է վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքերին։
Մայիսի 13-ին ԲՀԿ առաջնորդը Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե Կոտայքի մարզում 52 պարեկի աշխատանքից ազատել են նրանց հարազատների՝ ԲՀԿ համակիր լինելու կամ Ծառուկյանի աշխատակիցը լինելու համար։ Ավելի ուշ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքել էր Ծառուկյանի հայտարարությունը՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։
«Եթե պարզվի, որ 52 պարեկ առնչություն ունի, պե՞տք է ասենք՝ հա, դե ոչինչ։ Իրենք, ըստ էության, ռիսկի կոնտինգենտ են։ Էդ էլ ա կոռուպցիա․․․ Օրինակ` 52 անձ կա՞ պարեկային ծառայությունում, որ իմ հետ առնչություն ունենա․․․ Եթե լինեն, իհարկե պետք է ազատվեն աշխատանքից։ Եթե իմանամ, որ նման բան կա, ու չեն հանել գործից, նա, ով չի հանել գործից, ես իրան կհանեմ գործից։ Բա ո՞նց ա փախել Ծառուկյանի որդին Հայաստանից կրակոցներ արձակելուց հետո»,- ասել է Փաշինյանը։
Մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Գագիկ Ծառուկյանի որդուն ՀՀ իրավապահներին հանձնելու համար դեռ 2025 թվականի հունվարի 10–ին միջնորդություն են ուղարկել Բելառուսի գլխավոր դատախազություն։ Նա միջազգային հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատներից մեկում հնչած կրակոցներից հետո։





