AM
14 Մայիս 2026 - 13:06 AMT

Վարչապետ․ Եթե ՌԴ–ն կարող է սանկցիաներին դիմանալ, ՀՀ-ն չի կարող

Եթե Ռուսաստանը կարող է սանկցիաներին դիմանալ, ապա Հայաստանը չի կարող, հայտարարել է վարչապետՆիկոլ Փաշինյանն Աջափնյակ վարչական համայնքում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում: Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչպես է արտահայտվում ՀՀ իշխանությունների բալանսավորված քաղաքականությունը ԵՄ–ի և Ռուսաստանի հետ։

Փաշինյանը նշել է` պաշտոնական Երևանը հայտարարել է, որ արևմտյան սանկցիոն ռեժիմի մեջ չի մտնելու ու այնպիսի քայլեր չի անելու, որ ընկնի սանկցիաների տակ, հայտնում է Sputnik Արմենիան:

«Այդ մասին մենք թափանցիկ ասել ենք և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության գործընկերներին։ Մենք, բնականաբար, որևէ բան չենք ուզում անել Ռուսաստանի դեմ, սակայն մենք ունենք գիծ. եթե մենք զգանք, որ որևէ քայլ անելիս մենք ինքներս ենք ընկնում սանկցիաների տակ, մենք չենք անելու այդ քայլերը. ամենայն հարգանքով, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ, քանի որ եթե Ռուսաստանը կարող է սանկցիայի տակ լինել ու դիմանալ, ապա Հայաստանը չի կարող»,– հայտարարել է նա։

Ըստ Փաշինյանի` ԵՄ–ից կասկածներ կային, որ Հայաստանը շրջանցում է սանկցիաները։ Այդ իսկ պատճառով ՀՀ իշխանությունները ԵՄ ներկայացուցիչներին մի քանի անգամ հրավիրել են Երևան ու նաև գրավոր արձանագրել, որ Հայաստանը չի խախտում սանկցիաների ռեժիմը։

«Այդ դիրքորոշումը մենք շատ թափանցիկ ձևակերպել ենք»,– վստահեցրել է Փաշինյանը։

Նա նաև պատմել է, որ Ռուսաստան կատարած իր այցերից մեկի ժամանակ գործընկերներից մեկն ասել է, թե Հայաստանը ԵՄ–ի հետ համագործակցությամբ վնաս է հասցնում Ռուսաստանի շահերին։ Փաշինյանը նշել է, որ այդ ժամանակ ասել է, թե ՌԴ–ի շահերին վնասելու ոչ մի ցանկություն Հայաստանը չունի, ու որևէ մեկը չի կարող դա փաստող որևէ օրինակ ցույց տալ։

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասել էր՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծել էր՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ ապահարզան լինել։ Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։

Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասել էր, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա: