ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ եթե Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող պարեկները դեռ չեն էլ հեռացվել, ապա պետք է հեռացվեն, քանի որ անգամ ինքը իր շրջապատից պաշտոն ունեցող այդքան մարդ չունի: Տոնոյանն «այս գնահատական-հրահանգը» համարել է «ուղիղ սպառնալիք բոլոր ընդդիմադիր ուժերին ու գործիչներին»:
Փաշինյանն ասել է․ «Օրինակ` 52 անձ կա՞ պարեկային ծառայությունում, որ իմ հետ առնչություն ունենա․․․ Եթե լինեն, իհարկե պետք է ազատվեն աշխատանքից։ Եթե իմանամ, որ նման բան կա, ու չեն հանել գործից, նա, ով չի հանել գործից, ես իրան կհանեմ գործից։ Բա ո՞նց ա փախել Ծառուկյանի որդին Հայաստանից կրակոցներ արձակելուց հետո»։
Տոնոյանը նաև թվարկել է այն պաշտոնյաներին, որոնք առնչություն ունեն Փաշինյանի հետ:
«Նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Կոտայքի մարզում մեծ թվով պարեկների են աշխատանքից ազատել, քանզի նրանց ընտանիքի անդամները ԲՀԿ համակիրներ են։
Րոպեներ անց ՆԳՆ-ն շտապեց հերքել այս տեղեկատվությունը, բայց այսօր արդեն պարզ դարձավ, որ այդ շտապողականությունն անտեղի էր, քանի որ ընդամենը րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատեց Գ․ Ծառուկյանի այդ տեղեկությունը, ավելին՝ հավելեց, որ եթե դեռ չեն էլ հեռացվել, ապա անպայմանորեն պետք է հեռացվեն, քանի որ անգամ ինքը իր շրջապատից պաշտոն ունեցող այդքան մարդ չունի։
Նախ, օրենքի հետ ակնհայտ հակասություն ունեցող այս գնահատական-հրահանգը ուղիղ սպառնալիք է բոլոր ընդդիմադիր ուժերին ու գործիչներին։ Աբսուրդն էլ պետք է չափ ու սահման ունենա։ Այսինքն ի՞նչ է ստացվում, եթե դու ունես իրավապահ կամ պետական համակարգում աշխատող բարեկամ, ծանոթ, հարևան, ուրեմն չես կարող որևէ քաղաքական ուժի համակրել կամ սատարել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով նրանք կազատվեն աշխատանքից։ Իրականում ադպես էլ կա։ Եվ երկրորդ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անգամ ինքը Ծառուկյանի նշածի չափ ծանոթ պարեկներ չունի, քանզի իր շրջապատից մարդիկ չկան այդ համակարգում, թարմացնեմ նրա հիշողությունը։
Այո՛, միգուցե պարեկներ չկան քո շրջապատից, փոխարենը՝ քո դասընկեր Վահե Ղազարյանը մինչև վերջերս ՆԳՆ նախարար էր, քավորիդ՝ Հայկ Ղալումյանը ներկայումս Տավուշի մարզպետն է, աներձագդ՝ Հրաչյա Հակոբյանը արդեն երկրորդ անգամ պատգամավորի մանդատ է ստանում նվեր սերիալային փայլուն խաղի համար, ՀԺ-ի նախկին լրագրող՝ Վահագն Հովակիմյանը այժմ ԿԸՀ նախագահն է, եղբորորդիդ՝ Սիփան Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր, հետախուզման մեջ գտնվելուդ ընթացքում քեզ պատսպարած Հակոբ Սիմիդյանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարն էր։ Այս շարքը դեռ շատ երկար կարող եմ շարունակել։
Ի դեպ մի քանի ուրիշ պաշտոններ էլ կան, որոնցում Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել ու այսօր էլ այդ պաշտոններում շարունակում է աշխատել։
Նիկոլ Փաշինյան-ՀՀ գլխավոր դատախազ
Նիկոլ Փաշինյան-ՀՀ ոստիկանապետ
Նիկոլ Փաշինյան- ՀՀ ԱԱԾ պետ
Նիկոլ Փաշինյան-տարբեր ատյանների դատավոր, ով քարոզարշավի ամեն օր որևէ մեկին դատավճիռներ է կարդում»,-հայտարարել է Տոնոյանը:
Մայիսի 13-ին ԲՀԿ առաջնորդը Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե Կոտայքի մարզում 52 պարեկի աշխատանքից ազատել են նրանց հարազատների՝ ԲՀԿ համակիր լինելու կամ Ծառուկյանի աշխատակիցը լինելու համար։ Ավելի ուշ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքել էր Ծառուկյանի հայտարարությունը՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։





