AM
14 Մայիս 2026 - 14:42 AMT

ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17-ի մասնակիցների համար

ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17-ի մասնակիցների համար, հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը:

ՀՀ կառավարությունը նախատեսել է ժամանակավորապես չեղարկել 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մի շարք պետությունների քաղաքացիներ մուտքի վիզա կարող էին ստանալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսարանների միջոցով՝ հրավերի առկայության դեպքում։

Որոշման նախագծի համաձայն՝ COP17 համաժողովի շրջանակում որոշակի երկրների ներկայացուցիչներ հնարավորություն կստանան մուտքի վիզա ձևակերպել նաև E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով։

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից։

Ակնկալվում է, որ փոփոխությունները կդյուրացնեն միջազգային համաժողովի մասնակիցների առանձին խմբերի համար Հայաստանի մուտքի արտոնագրերի ստացման կարգը։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: