AM
14 Մայիս 2026 - 15:00 AMT

«Անկախ դիտորդը» կարող է բողոքարկել Սափեյանի կողմից բարեգործության արգելքը խախտելու մասով վարույթ չնախաձեռնելու որոշումը

«Անկախ դիտորդը» կարող է բողոքարկել Սափեյանի կողմից բարեգործության արգելքը խախտելու մասով վարույթ չնախաձեռնելու որոշումը:

«Ստիպված են լինում պայքարել, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվի»,-հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը, հայտնում է «Փաստինֆոն»:

«Անկախ դիտորդ» առաքելությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի կողմից նախընտրական փուլում սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքի վերաբերյալ։ Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, քրեական վարույթ չի նախաձեռնել։

Դանիել Իոաննիսյանը նշել է, որ իրենք գնահատել են, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով արգելված արարքի առերևույթ տարրեր, որի մասին հաղորդում են ներկայացրել։ Նրա խոսքով՝ մամուլից են տեղեկացել, որ վարույթի նախաձեռնումը մերժվել է, սակայն գրավոր պատասխան դեռ չեն ստացել, իսկ ստանալուց հետո կքննարկեն այն վիճարկելու հարցը։

Դիտարկմանը, որ համանման իրավիճակ է նաև մեկ այլ դիտորդական առաքելության՝ «Ականատես դիտորդի» կողմից ներկայացված հաղորդման առնչությամբ՝ Բագրատաշենում ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին, Իոաննիսյանը նշել է, որ այդ դեպքից տեղյակ չէ, սակայն տեսնում է, որ առերևույթ խնդիրներ կան։

«Օրինակ, երբ որ առերևույթ հանցագործություն էր կատարվել Վաղարշապատի ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, մենք ստիպված եղանք հասնել Վճռաբեկ դատարան, որպեսզի քրեական վարույթ հարուցվի։ Վերջերս ենք հասել, մենք կես տարի պայքարում էինք, որ հասնենք նրան, որ վարույթ հարուցվի։ Բառացիորեն կես տարի պայքարում էինք։ Այո, մենք այստեղ խնդիրներ տեսնում ենք»,- նշել է Իոաննիսյանը։

Դիտարկմանը, որ նախընտրական շրջանում կարծես միայն ընդդիմության ներկայացուցիչների դեմ են վարույթներ նախաձեռնվում, Իոաննիսյանը արձագանքել է, որ իրենք խնդիրներ տեսնում են և ստիպված են լինում պայքարել։

Հարցին՝ արդյո՞ք կարելի է արձանագրել, որ իրավապահներին ևս ներքաշել են որպես վարչական ռեսուրս ընտրապայքարում, Իոաննիսյանը զերծ է մնացել նման գնահատականից՝ միայն նշելով, որ Հայաստանի դատաիրավական համակարգի անկախությունը դեռևս առերևույթ խնդիրներ ունի։

Անդրադառնալով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դեմ ներկայացված հայցին, որը դատարանը վերադարձրել է, Իոաննիսյանը նշել է, որ իրավաբանները զբաղվում են հարցով, և այն կրկին կներկայացվի։

Համայնքապետը որոշել է սոցիալական աջակցությունը տրամադրել ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, երբ արդեն հայտնի է ընտրության օրը, իսկ բարեգործության արգելքն արդեն գործում է, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում բարեգործության արգելքը խախտելու համար։