Մայիսի 14-ին Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպմանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոշտ քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «համբալ» անվանել:
«Լկտիությունն այսօր հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը: Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ: Հիմա, այ համբա՛լ, ի՞նչ ունես դրա հետ: Ինչն է քեզ ստիպում, քո քայլերով ինչի ես ցավացնում ամբողջ մի ժողովրդին»,- իր ելույթում ասել է Քոչարյանը, հայտնում է «Ազատությունը»:
Ավելի ուշ Փաշինյանն արձագանքել է ֆեյսբուքյան տեսաուղերձով. «Քոչարյանն ասել է, թե ՔՊ-ում համբալ բառն ընդունված է։ Ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսելիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք՝ համբալ: Ռոբերտ անունն առանձին վերցրած, թե Քոչարյան ազգանունն առանձին վերցրած շատ հարգված են, բայց երբ դրանք միանում են իրար՝ դառնում են համբալ։ Հասկացար, ա՛յ համբալ»:
Մարտի 1-ի իրադարձություններին անդրադառնալով՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքներ է հնչեցրել վարչապետի հասցեին՝ հայտարարելով. «2008-ի մարտի 1-ի դեպքերի սադրողն ու հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն էր»:
Ավելի վաղ վարչապետը քարոզարշավի ժամանակ հայտարարել է. «Մարտի 1-ը հարյուր տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի»:
Քոչարյանը նաև հարց է ուղղել՝ արդյոք որևէ մեկը հավատո՞ւմ է, որ Եվրամիությունը գալու է Հարավային Կովկաս։
«Շատ լավ կլինի, որ գա, բայց չի գալու: Աշխարհագրությունն է այդպիսին, աշխարհագրությունը դաժան երևույթ է, չես կարող փոխել: Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ: Հնարավոր է, որ եթե Թուրքիան, Վրաստանը դառնան, դրանից հետո 20-25 տարի հերթում կանգնես, եթե մինչ այդ ԵՄ-ն այդ տեսակով դեռ պահպանվի։ Դա մի սուտ է, որը փաթեթավորված փորձում են ծախել մեր ժողովրդին»,- հայտարարել է Քոչարյանը:
Քոչարյանը նշել է, որ որևէ բան չի խանգարում Հայաստանը դարձնել եվրոպական երկիր, եթե «խոսքը բարեկեցության, ազատությունների մասին է, եթե խոսքը տնտեսական զարգացվածության մասին է, սարքենք:
«Եվրոպայի ամենից հարուստ երկրները՝ Շվեյցարիան և Նորվեգիան, ԵՄ անդամ չեն:
Այսօր մի արեք քայլեր, որոնք մեր գլխին խնդիր է բերելու: Հարավային Կովկասն այլ տարածաշրջան է. հարավում Իրանն է, հյուսիսում՝ Ռուսաստանը և այս աշխարհաքաղաքական լարված իրավիճակում սեփական ժողովրդի գլխին երրորդ անգամ փորձանք մի բերեք»։
Մարտի 1-ի գործի բացահայտման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախորդ քարոզարշավի ընթացքում, սակայն մինչ այժմ այդ գործով որևէ անձ չի դատապարտվել և մեղավոր չի ճանաչվել։
Քոչարյանը և նրա նախկին ենթակաները 2021 թվականին արդարացվել են Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, որով հակասահմանադրական է ճանաչվել Քոչարյանին առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։
Վճռաբեկ դատարանը հետագայում բեկանել է այդ որոշումը և գործը վերադարձրել նոր քննության։ Նոր գործընթացում Քոչարյանին և նրա նախկին ենթականերին արդեն մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածով։ Այդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետն արդեն անցել է։ Սակայն օրեր առաջ Գլխավոր դատախազը Ազգային ժողովում հայտարարել է, որ փաստերը «հիմք են տալիս կարծիք հայտնել», թե տվյալ դեպքում «գործ ունենք բռնությամբ զուգորդված՝ իշխանական լիազորությունների անցման հետ, որն անժամկետ հանցագործություն է»:





