AM
15 Մայիս 2026 - 06:43 AMT

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 45 թեկնածուի գրանցումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորության 45 թեկնածուի գրանցումը։

Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Հանրապետություն», «Բոլորին դեմ եմ», «Լուսավոր Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Միասնության թևեր», «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր 45 թեկնածու։

Ներկայացված ինքնաբացարկի դիմումների մի մասը եղել է օրենքով սահմանված նոտարական վավերացմամբ, իսկ այն դիմումների դեպքում, որոնք նման վավերացում չեն ունեցել, դիմումատուները ներկայացել են ԿԸՀ նիստին։

Հանձնաժողովը մերժել է մեկ թեկնածուի ինքնաբացարկի դիմումը, քանի որ այն նոտարական կարգով վավերացված չի եղել, իսկ թեկնածուն չի ներկայացել նիստին։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18։00-ն (մայիսի 28):Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացնելու համար։

Հանձնաժողովը նաև նախապատվության քվեակարգով համալրել է թիվ 15, թիվ 19 և թիվ 29 ԸԸՀ-ների մեկական թափուր պաշտոնները։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու նպատակով գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։