«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումների, վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի դեպքերի և քաղաքական ֆինանսավորման թափանցիկության խնդիրներին՝ խոսելով ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ արձանագրված դեպքերի մասին:
Նա նշել է, որ բացահայտել են դեպքեր, երբ հարկադրել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին, չեն ուզեցել դա անել, գրում է Factor.am-ը:
Վարչապետի հայտարարությանը անդրադառնալով, ըստ որի Ապարանում տնօրենների կողմից վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման դեպքով քննություն է ընթանում, Իոաննիսյանը նշել է, որ իրավապահները պետք է ներգրավվեն այն դեպքում, երբ որ կա առերևույթ հանցակազմ։
«Այս դեպքում մենք տեսնում ենք աշխատանքային իրավախախտում, վարչական իրավախախտում, որի մասով արդեն հայցադիմում ենք պատրաստում, որ ներկայացնենք դատարան, որպեսզի վարչական պատասխանատվության փորձենք կանչել տնօրեններին։ Ասեմ, որ եթե մեզ մոտ ստացվի, դա կլինի Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, որ տնօրենները նման արարքի համար վարչական պատասխանատվության են կանչվում»,-նշել է նա:
Նա հավելել է, որ քրեական պատասխանատվության հիմք կարող է լինել միայն հարկադրանքի առկայությունը, ինչը, ըստ նրա, տվյալ պարագայում դժվար է ապացուցել։
Նրա խոսքով՝ թեև «Ուժեղ Հայաստանի» հասցեին հնչել են բազմաթիվ մեղադրանքներ, դրանց լուսաբանման մասով նկատվել է անհավասար մոտեցում։ Իոաննիսյանը նշել է, որ տվյալ քաղաքական ուժի հետ կապվող որոշ լրատվամիջոցներ խուսափում են անդրադառնալ ընտրակաշառքի դեպքերին, ինչը, նրա կարծիքով, կարող է վկայել համակարգված ցուցումների մասին։
«Այն, որ այդ մեդիաները փորձում են այդ ընտրակաշառքի դեպքերը, ընտրակաշառքի բացահայտման դեպքերն ընդհանրապես լուսանցքում թողնել, ինձ բերում է այն եզրահանգման, որ, հավանաբար, կամ ենթադրաբար, դրա մասին ինստրուկցիաներ իրենք ստացել են հենց կենտրոնական այդ ուժերից, կենտրոնական շտաբից»,-նշել է նա:
Միաժամանակ Իոաննիսյանը շեշտել է, որ կենտրոնացված ձևով կազմակերպվող զանգվածային ընտրախախտումները շատ ավելի վտանգավոր են, քան առանձին տեղային նախաձեռնությունները։
Նա անդրադարձել է նաև ընդդիմադիր ուժերի ֆինանսական գործունեությանը՝ նշելով, որ այդ ոլորտում առկա են թափանցիկության լուրջ խնդիրներ։
«Կան այլ ուժեր, որոնք ֆինանսական թափանցիկության տեսանկյունից աղետ են քայլող։ Քայլող աղետ են։ Օրինակ, Արման Թաթոյանի 33 ընտրական գրասենյակներից և ոչ մեկը պետական գրանցում չուներ։ Իսկ օրենքը ենթադրում է, որ այդ անշարժ գույքի վարձակալությունը պետք է կադաստրում գրանցես 30-օրյա ժամկետում։ Իմ մոտ հարցեր են առաջանում նույնիսկ ոչ ընտրական հարցերով, օրինակ՝ հարկերը վճարվո՞ւմ են այդ անշարժ գույքերի վրա»,-ասել է նա:
Նույն խնդիրը, ըստ Իոաննիսյանի, առկա է նաև «Միասնություն» դաշինքի դեպքում, որի գովազդային արշավի ֆինանսավորման աղբյուրները, նրա խոսքով, դեռևս անհայտ են մնում։
Դանիել Իոաննիսյանը մտահոգություն է հայտնել նաև իրավապահ համակարգի աշխատանքի հնարավոր կողմնակալության առնչությամբ։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմադիր ուժերի կատարած խախտումները շատ ավելի արագ և խիստ են քննվում, քան իշխանություններին վերագրվող դեպքերը։
«Այն, որ Հայաստանի իրավապահները շատ ավելի դժկամությամբ են իշխանությունների կատարած խախտումները քննում, քան ընդդիմության կատարած խախտումը, դա, ցավոք սրտի, նորություն չի, այսօր չի սկսվել, երեկ չի սկսվել»,- նշել է նա:
Որպես օրինակ նա ներկայացրել է Վաղարշապատի ընտրությունների ընթացքում արձանագրված պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքը, որի քննությունը, ըստ նրա, ամիսներով ձգձգվել է։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





