AM
15 Մայիս 2026 - 09:01 AMT

Շարմազանովը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին․ «Կառույցը զբաղված է գործող իշխանությունների քողարկված պաշտպանությամբ»

ԵԽԽՎ պատվիրակության ներկայացրած միջանկյալ զեկույցը «միակողմանի և աշխարհաքաղաքական հստակ պատվեր կատարող փաստաթուղթ է», ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ քաղաքական գործչի՝ եվրոպական կառույցը զբաղված է գործող իշխանությունների քողարկված պաշտպանությամբ, հայտնում է Sputnik Արմենիան:

«Զեկույցն ունի ընդգծված հակառուսական ուղղվածություն։ Փաստաթղթում խոսվում է հիբրիդային սպառնալիքների մասին՝ թիրախավորելով Ռուսաստանին, սակայն լռություն է պահպանվում Արևմուտքից հնչող ուղիղ քաղաքական աջակցության մասին։ Ակնհայտ է, որ սա հստակ դիվերսիա է Հայաստանի Հանրապետության դեմ։ Կրկնում եմ` այս զեկույցում քողարկված է հավաքական Արևմուտքի աջակցությունն այսօրվա իշխանություններին։ Եթե արտաքին միջամտությունը և հիբրիդային սպառնալիքը այդքան մեծ է, ապա ինչո՞ւ Արևմուտքից հնչող ուղիղ քաջալերանքը և պաշտպանությունը Նիկոլ Փաշինյանի ռեժիմին որպես ներքին օրենսդրության խախտում կամ որպես հավասար պայմանների խախտում ընդգրկված չէ»,– ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու նույն զեկույցում չի արձանագրվել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի կամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բացահայտ աջակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։

Ներքաղաքական զարգացումներին անդրադառնալով՝ ՀՀԿ ԳՄ անդամը մեղադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման և ընտրական կանոնները գործընթացի ընթացքում փոխելու մեջ։ Նա հիշեցրել է, որ նախկինում եվրոպական կառույցները խորհուրդ էին տալիս ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ չփոփոխել ընտրական օրենսգիրքը։

«Ընտրությունից ընդամենը մի քանի ամիս առաջ, ավելին` քարոզարշավից մի քանի շաբաթ առաջ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն» Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխություն իրականացրեց։ Ինչքան էլ իրենք ասեն՝ դա տեխնիկական է, փոփոխության տեխնիկականը ո՞րն է, եթե հոդված է փոխվում, եթե բովանդակություն է փոխվում»,– հավելել է Շարմազանովը։

Եկեղեցու «քաղաքական ներգրավվածության» մասին ձևակերպումներին անդրադառնալով՝ Շարմազանովը դրանք որակել է իրականության խեղաթյուրում՝ ընդգծելով, որ եկեղեցին պաշտպանում է ազգային արժեքներն ու Արցախի ժողովրդի իրավունքները։

«Սրբազանների քաղբանտարկյալ լինելու մասին խոսելը չի նշանակում, որ նրանք կուսակցականացված են կամ աննախադեպ ընդգրկված են քաղաքականության մեջ: Աննախադեպն իշխանության ընդգրկվածությունն է եկեղեցու դեմ արշավին: Այսօր մեկ սրբազան գտնվում է անազատության մեջ՝ կալանքի տակ, երկու սրբազան տնային կալանքի մեջ են: Բայց դրա մասին ինչո՞ւ խոսք չկա, անմեղության կանխավարկածի մասին ինչո՞ւ չի հիշատակվում:

Ինչո՞ւ չկա խոսք այն մասին, որ Փաշինյանի կուսակցությունն իր նախընտրական ծրագրում հակասահմանադրական և հակաժողովրդավարական կետ է ներառել, ըստ որի՝ պետք է փաստացի վեհափառին հեռացնեն: Աշխարհիկ իշխանության, գործադիր իշխանության ի՞նչ գործն է զբաղվել եկեղեցու բարեփոխմամբ կամ կրոնական կազմակերպության ղեկավարին նշանակել-հանելով: Եվրոպայում չգիտե՞ն, որ պետությունն անջատ է եկեղեցուց, եկեղեցին՝ պետությունից. գործադիր իշխանությունն իրավունք չունի միջամտելու կրոնական կազմակերպությունների ներքին գործերին»,– նշել է քաղաքական գործիչը։

Շարմազանովը նաև շեշտել է, որ թեև ԵԽԽՎ պատվիրակությունը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ, նրանց մտահոգությունները ներկայացվել են ընդամենը որպես կարծիք, ոչ թե փաստ։ Նրա համոզմամբ՝ զեկույցի նպատակը գործող իշխանության քայլերը «սվաղելն» է։

«Ես իրենց միայն հռետորական հարց եմ տալիս` ԵԽԽՎ–ի հարգելի գործընկերներ, եթե մինչև 2018 թվականը Հայաստանի որևէ իշխանություն օգտագործեր ադմինիստրատիվ այն ռեսուրսի ընդամենը մի մասը, որն այսօր իրականացնում է Փաշինյանի իշխանությունը, ի՞նչ ռեպորտներ կգրեիք։ Սա ակնհայտ միակողմանի ռեպորտ է»,– ընդգծել է Շարմազանովը։

Նրա կարծիքով՝ այս զեկույցը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ Արևմուտքը շահագրգռված է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությամբ՝ Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից վերջնականապես հեռացնելու նպատակով։

ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երևան կատարած այցից հետո հայտարարել է, որ Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։ Պատվիրակությունը նաև նշել է, թե մտահոգված է Հայաստանի քաղաքական և տեղեկատվական դաշտի վրա ազդող արտաքին միջամտության ավելի բարդ և համակարգային բնույթով։ Հայտարարության մեջ կոչ է արվել ՀՀ իշխանություններին ակտիվացնել արտաքին միջամտությունից պաշտպանվելու և բոլոր քաղաքական դերակատարների համար հավասար պայմաններ ապահովելու ջանքերը։ ԵԽԽՎ պատվիրակությունն անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցուն՝ նշելով, որ կառույցը քաղաքականության մեջ ունի աննախադեպ ներգրավվածություն։