AM
15 Մայիս 2026 - 09:48 AMT

Փաշինյանը Կարապետյանի դեմ 6 մլն դրամի հայց է ներկայացրել՝ «հալյուցինագեն սնկերի» համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի։ Հայցով նա պահանջել է հրապարակային հերքում և 6 միլիոն դրամ՝ որպես ենթադրյալ զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ «հալյուցինագեն սնկերի» օգտագործման մասին Կարապետյանի խոսքերի համար:

Մայիսի 11-ին դատարան ներկայացված հայցադիմումը մայիսի 14-ին ընդունվել է վարույթ և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին, հայտնում է Sputnik Արմենիան:

Մայիսի 7-ին իր տանը կազմակերպված մամուլի ասուլի ժամանակ Կարապետյանը հայտարարել էր, թե նախորդ տարի վարչապետ Փաշինյանը Չինաստան կատարած այցի ընթացքում հատուկ ռեստորաններում փորձել է մարդկանց մոտ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր։ Կարապետյանը նշել էր, թե իր տեղեկություններով՝ «դուրը եկել էր» և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան»։ Նա նաև ասել էր, թե կառավարության շենքում լրագրողների հետ հանդիպումների ժամանակ կամ Ազգային ժողովի ամբիոն բարձրանալիս օգտագործում է այդ սնկերից։

Հայցադիմումում նշվել է, որ վերոնշյալ տեղեկությունները ամբողջությամբ զրպարտչական են։

Մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր, որ պատրաստվում է դատարան դիմել Սամվել Կարապետյանի հայտարարությունների պատճառով։