«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հաղթահարելու է անցողիկ շեմն ու բանակցություններ է վարելու մյուս ուժերի հետ,հայտարարել է կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն Աջափնյակում անցկացված քարոզարշավի ընթացքում: Կուսակցությունը համոզված է, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստանալու կայուն մեծամասնություն։
«Բոլորին դեմ եմ»-ն առաջարկում է 100-օրյա անցումային իշխանություն և նոր ընտրություններ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Մենք քաղաքական առևտրով չենք զբաղվելու, այլ գալիս ենք կոնկրետ ծրագրով։ Մեր վարչապետի թեկնածուն 100 օրվա ընթացքում իրականացնելու է մեր նախանշած փոփոխությունները. անցողիկ շեմը դարձնելու է 1 տոկոս, որպեսզի դաշտ մտնեն նաև թարմ քաղաքական ուժեր, քանի որ հին ուժերով, որոնք արդեն ունեն իրենց հստակ էլեկտորատը, նոր բան ստեղծել հնարավոր չէ։ Պետք է հանել կայուն մեծամասնության կետը, քանի որ այն լուրջ խնդիրներ է առաջացնում, ինչպես նաև ավելացնել «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկը, որպեսզի մարդիկ մասնակցեն ընտրություններին ու արտահայտեն իրենց կամքը»,– ասել է Նինա Կարապետյանցը։
Կարապետյանցի խոսքով՝ իրենք առաջարկել են իրենց տրամադրել ընդամենը 100-օրյա իշխանություն, որը պետք է օգտագործվի ընտրակարգում փոփոխություններ իրականացնելու և նոր ընտրություններ կազմակերպելու նպատակով։
«Այդ ընտրություններում վարչապետի թեկնածուն չի ունենալու իր քաղաքական թիմը. մեր կուսակցությունը լուծարվելու է։ Վարչապետը հաջորդ տասը տարիներին չի հավակնելու որևէ նշանակալի կամ ընտրովի պետական պաշտոնի, հետևաբար, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լինելու են արդար ընտրություններ»,– մանրամասնել է Կարապետյանցը։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8-ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև հունիսի 5-ը ներառյալ։





