AM
15 Մայիս 2026 - 10:16 AMT

Փաշինյանը հերքել է 300,000 ադրբեջանցիների մասին պնդումները․ «Օրակարգում նման հարց երբեք չի եղել»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից տարածվող այն պնդումները, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում գործող իշխանության վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ գալու են Հայաստան ապրելու։

Նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում գտնվող Փաշինյանն այդ մասին հայտարարել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում, հայտնում է Արմենպրեսը:

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը (խմբ. նկատի ունի «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը) հիմա էլ նոր սուտ է հորինել, թե ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի և Փաշինյանի վարչապետ վերընտրվելու դեպքում 300,000 ադրբեջանցի է վերադառնալու Հայաստան։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մեր օրակարգում և ընդհանրապես մեր միջազգային օրակարգում նման հարց երբեք չի եղել։ Այդ մարդիկ այսօր միլիոնավոր դոլարներ են ծախսում, որ այդ օրակարգը ստեղծեն և ներմուծեն ՀՀ քաղաքական կյանք։ Այսպես գործում են միայն օտարերկրյա լրտեսները»,- ասել է Փաշինյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ինչպես նաև քաղաքական ուժի այլ ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, թե գործող իշխանության վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցի է գալու Հայաստանում բնակվելու։