AM
15 Մայիս 2026 - 11:32 AMT

Հրազդանի նախկին քաղաքապետ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին քաղաքապետը համայնքի հողերը ձևական աճուրդներով օտարել է իր ընտանիքի անդամներին: Մեղադրանք է առաջադրվել ոչ միայն Արամ Դանիելյանին, այլև նրա կնոջն ու եղբայրներին: Գործով անցնում են նաև համայնքապետարանի աշխատակիցներ, հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2002-2018թթ․ Արամ Դանիելյանը, զբաղեցնելով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքում գտնվող 12 հողամասերն առանց էական սակարկությունների և էականորեն ցածր գներով օտարել է իր հետ փոխկապակցված անձանց, ընտանիքի անդամներին։

Հողամասերից ամենամեծը՝ 2000 քառակուսի մետր մակերեսով, վաճառվել է 3 մլն դրամով, սակայն տվյալ պահին նշված հողամասի շուկայական արժեքը եղել է 8.5 միլիոն դրամ, հայտնում է Sputnik Արմենիան:

Դատախազության գնահատմամբ՝ այս գործողությունների հետևանքով համայնքին պատճառվել է 26 միլիոն դրամի վնաս։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև Արամ Դանիելյանի կնոջը, երկու եղբայրներին, ինչպես նաև Հրազդանի համայնքապետարանի տարածքային զարգացման, հողային կադաստրի և քաղաքաշինության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանին և ևս մեկ աշխատակցուհու։

Բոլոր 6 մեղադրյալները չեն ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել են ցուցմունք տալուց։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը արդեն գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում։

Դանիելյանը ձերբակալվել էր 2019 թվականի փետրվարի 26-ին՝ պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018 թվականների ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։ Նրա նկատմամբ քրեական գործ հարուցվել էր դեռևս 2018 թվականի սեպտեմբերին։

Նույն տարվա մարտի 1-ին հայտնի էր դարձել, որ Դանիելյանը ազատ է արձակվել՝ համայնքին պատճառված վնասի մի մասը՝ 102 միլիոն դրամը, վճարելուց հետո։

2022 թվականին հայտնի էր դարձել նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանից և նրա հետ փոխկապակցված երկու անձից ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու նպատակով։ Բռնագանձման պահանջը ներառել է 11 անշարժ գույք, 2 ՍՊԸ-ներում մասնակցություն և ավելի քան 156․6 միլիոն դրամ։