AM
16 Մայիս 2026 - 06:12 AMT

Հետախուզում է հայտարարվել «օրենքով գողի» նկատմամբ

Հայաստանում հետախուզում է հայտարարվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ, հայտնում է Քննչական կոմիտեն:

«Պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Դ.-ն սպառնալիքի, հարկադրանքի, սեռական հայհոյանքներով համակցված և անօրինական այլ գործողությունների միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, այդ թվում՝ Կ.Ղ.-ին, հրահանգել և հարկադրել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններում չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և այդ նպատակով ընտրության գնալու հրահանգը բոլորին փոխանցել՝ այդ կերպ խոչընդոտելով այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում։

Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, ինչպես նաև հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելու հոդվածներով։

Կ.Ղ.-ի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հոդվածով։

Ա.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և հայտարարվել է հետախուզում։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։