AM
16 Մայիս 2026 - 06:20 AMT

ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացվել ընտրողների ցուցակների կազմման գործընթացը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Յանեշ Լենարչիչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների կազմակերպման, ընտրողների ցուցակների ձևավորման, ինչպես նաև դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր։

Ղազարյանը ներկայացրել է ընտրողների ցուցակների կազմման գործընթացը՝ նշելով, որ նախնական ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի արդեն հրապարկվել են։ Փոխնախարարը անդրադարձել է նաև ընտրողների տվյալների ճշգրտման և վերջնական ցուցակների կազմման ընթացակարգերին։

Նրա խոսքով՝ ամենօրյա ռեժիմով Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ընտրողների տվյալների ճշգրտությունն ապահովելու ուղղությամբ իրականացնում է ծավալուն աշխատանք։

Լենարչիչն ընդգծել է, որ դիտորդական առաքելության նպատակն է գնահատել ընտրական գործընթացի համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, այլ միջազգային չափանիշներին և Հայաստանի ազգային օրենսդրությանը, ինչպես նաև ներկայացնել ընտրական գործընթացի համապարփակ վերլուծություն։

Դիտորդական առաքելության աշխատանքի պատշաճ կազմակերպման տեսանկյունից՝ Յանեշ Լենարչիչը կարևորել է պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցությունն ու համակարգված աշխատանքը։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։