AM
16 Մայիս 2026 - 07:44 AMT

Փաստաբան. Մի կնոջ բերման են ենթարկել ՔՊ–ի պաստառին «X» գրելու համար, հետո ազատ արձակել

Երևանի մետրոպոլիտենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառի վրա «X» նշան դնելու համար կանադահայ Շողիկ Շահբազյանին բերման են ենթարկել, ապա մի քանի ժամ անց ազատ արձակել։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այս ընթացքում տիկին Շողիկն անազատության մեջ էր, հեռախոսն էլ են վերցրել: Նրան ոստիկանություն էին տարել «քարոզչությունը խոչընդոտելու» հոդվածով, քրեական վարույթ է նախաձեռնվել: Նրան հարցաքննել են,հետո ազատ է արձակվել»,- հայտնել է Մելիքյանը։

Փաստաբանի խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե ինչու է նախաձեռնվել քրեական վարույթ, եթե տվյալ դեպքում կարող էր խոսքը վարչական իրավախախտման մասին լինել:

Ավելի վաղ Մելիքյանը գրել է, որ ժամը 12:10-ին հեռախոսազանգ է ստացել անծանոթ մի տիկնոջից, որը հայտնել է, թե գտնվում է մետրոպոլիտենում, և իրեն ձերբակալում են ՔՊ-ի քարոզչական պաստառի վրա ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար։ Դրանից հետո կինը դարձել է անհասանելի։