Մայիսի 16-ին Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել, 10 մարդ ձերբակալվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ «մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը»։
«Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ, տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ, նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:
Մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:
Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը», – ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Մեծավանն ու Նորաշենը Տաշիր խոշորացված համայնքի բնակավայրերն են, որտեղ քարոզարշավ է իրականացրել ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Տեսանյութերից մեկում երևացել է, թե ինչպես են մի խումբ մարդիկ «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով և երգով դիմավորել ՔՊ ավտոերթը։ Պապիկյանը տեղում ոստիկաններին կոչ է արել կարգի հրավիրել ընդդիմության համակիրներին և խոստացել է «քաղաքական դաս տալ նրանց ցուցում տվողներին», հայտնում է «Ազատությունը»:
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը Տաշիրից է։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





