AM
18 Մայիս 2026 - 07:11 AMT

Մարուքյան. Որպես պետություն պետք է ներողություն խնդրենք եկեղեցուց

Հունիսի 8-ին, որպես պետություն պետք է ներողություն խնդրենք եկեղեցուց վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների համար, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում քարոզարշավի ժամանակ:

«ՀՀ–ն, ի դեմս գործադիր իշխանության ղեկավարի, ոտնահարել է մարդկանց խղճի ու դավանանքի ազատությունը և դրանով իսկ խանգարել է մարդկանց հավատքի գործունեությանը, ինչպես նաև միջամտել է ՀԱԵ ներքին գործերին։ Որպես իրավաբան կարող եմ ասել, պետությունը իրավունք չունի խոչընդոտել մարդկանց դավանանքի ազատությանը»,– ասել է Մարուքյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա նշել է, որ տվյալ օրենքը գործում է բոլոր կրոնական կազմակերպությունների պարագայում և հիշեցրել է, որ Հայ առաքելական եկեղեցին սովորական կրոնական կազմակերպություն չէ։ Նրա խոսքով՝ այն նաև Սահմանադրությամբ հստակ նկարագիր և սահմանադրական հիմք ունեցող ինստիտուտ է։

«Այսպիսով` իշխանությունները ոչ միայն խղճի դավանանքի ազատությունն են ոտնահարել, այլ նաև Սահմանադրության այն դրույթը, որ վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն»,– հավելել է նա։

Մարուքյանը նաև նկատել է, որ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետն ու վերջերս հավատացյալ դարձած խմբակն այլևս կիրակի օրերին եկեղեցի չեն գնում։ Նրա գնահատմամբ՝ դա նշանակում է, որ գործող իշխանությունները հասկացել են՝ ջախջախված և պարտված են եկեղեցու դեմ իրականացված արշավի հարցում։

Հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարել են Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին և հրապարակել այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների և Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։

Փետրվարի 14-ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում՝ արգելելով նրա ելքը Հայաստանից։