AM
18 Մայիս 2026 - 07:35 AMT

«Ուժեղ Հայաստանը» Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցով զբաղվող խումբ կձևավորի

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իշխանության գալու դեպքում ձևավորելու է հատուկ խումբ, որը զբաղվելու է Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցով։ Այս մասին իր առանձնատան բակում Լոռու մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նա վստահեցրել է, որ հենց իրենց քաղաքական ուժն է կարողանալու լուծում տալ այդ խնդրին, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք չենք կարող նայել այս խայտառակությանը, որ հարևան երկիրը կատարում է մեր երկրի նկատմամբ։ Մենք ազգով ենք թույլ երևում, բայց թույլ է միայն մեր իշխանությունը»,– նշել է նա։

Կարապետյանը նաև վստահեցրել է, որ օգտագործելու է իր միջազգային կապերը, որպեսզի հնարավոր ամեն ինչ արվի հայ գերիների վերադարձն ապահովելու համար։

Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ նա ասել է, որ «իշխանությունն այսօր 30 դպրոց սարքում է, 240-ը՝ փակում», հայտնում է Aysor.am-ը:

«Մենք գնում ենք ամենակարևոր հարցը լուծելու՝ առաջին հերթին ապահովելու բնական աճն ու գյուղերում կյանքի շարունակականությունը։ Սա պետք է դառնա մեր պետության գլխավոր ծրագիրը։ Իշխանություններ սահմանամերձ գյուղերը դատարկում են, վտանգն ավելի մեծ է, քան պատկերացնում եք:

Ես պատկերացնում եմ այն գյուղերի վիճակը, որտեղ բացի ասֆալտից, ոչ մի հարց լուծած չի։ Ասֆալտը տանում են գյուղեր, բայց այդ գյուղերում մարդ չի ապրում, ես հենց դրա մասին եմ ասել»,-ասել է Կարապետյանը:

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում կա 19 հայ գերի։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել է 2025 թվականի հունվարին, ավարտվել է այս տարվա փետրվարի 5-ին, ինչից հետո հրապարակվել են դատավճիռները․ ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվել է առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի է դարձել, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։